Զոլյանն ակնկալում է, որ Աշոտյանը մի օր վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ

Զոլյանն ակնկալում է, որ Աշոտյանը մի օր վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ ռեկտորի պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատողության հետ կապված՝ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը պարզաբանող հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում, և չնայած ԶԼՄ-ների բազմաթիվ շահարկումներին, կապված չէ որևէ քաղաքական գործընթացի կամ ուժի հետ:

«Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ, և հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ»,- նշում է Զոլյանը:

Բուհի ռեկտորը նշում է, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել է ՀՀ վարչապետին և դատական մարմիններին: Նա նշում է, որ զերծ է մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից. «Միաժամանակ ողջունում եմ պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան և այնտեղ փորձել «ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է»։

Ռեկտորի հաջորդ դիտարկումը վերաբերում է Աշոտյանի այն հայտարարությանը, ըստ որի Զոլյանը փորձում է «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով». «Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզանից ով է «իրավական առումով ապիկարը», ապա «այդ ապիկարը» պարտավորվում է այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական և գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---