Կուսակցությունները քննարկել են հարկային բեռի թեթևացման և աշխատավարձերի բարձրացման հարցը

Կուսակցությունները քննարկել են հարկային բեռի թեթևացման և աշխատավարձերի բարձրացման հարցը

PanARMENIAN.Net - «Սիվիլիթաս» հիմնադրամի «Ընտրամարտ 2012» ձևաչափով քննարկմանն ապրիլի 18-ին մասնակցեցին գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից` ԲՀԿ, «Ժառանգության», ՀԱԿ-ի, «Միավորված հայերի» և Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հրաժարվել էին մասնակցության հնարավորությունից: Քննարկումը ծավալվեց «Կրճատել ծախսերը, թե ավելացնել եկամուտները» թեմայի շուրջ: Հանդիպումը վարող Արամ Աբրահամյանը հարց բարձրացրեց, թե արդյոք պոպուլիզմ չէ ընտրությունների գնացող կուսակցությունների հայտարարությունը` մի կողմից հարկային բեռը թեթևացնելու, իսկ մյուս կողմից էլ պնդումը` աշխատավարձերը բարձրացնելու մասին:

ՀԱԿ ներկայացուցիչի Վահագն Խաչատրյանի խոսքով` այդպիսի խոստումներ շատ են հնչելու քարոզարշավի ընթացում, սակայն ներկա պայմաններում, աշխատավարձերի բարձրացման մասին խոսել հնարավոր չէ: «Հայ հասարակությունը սոցիալական վիճակի բարելվման կարիք ունի, ինչը հնարավոր է միայն ստվերային տնտեսության վերացման ու կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով»,- ընդգծեց նա:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով`պետք է շքեղության հարկ սահմանվի իրապես, և ոչ թե այն, ինչպես ներկայացնում է իշխանությունն այդ անվան տակ: «Մենք կողմնակից ենք հանքարդյունաբերության զարգացմանը, որտեղ պետք է հարկեր դրվեն»,- նշեց նա: Խուրշուդյանի կարծիքով` ամենակարևորը ստվերի վերացումն է:

Անդրադառնալով հանքերի շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներին` Կոմունիստական կուսակցության անդամ Գեղամ Գալստյանն ասաց, որ հանքերն այս տեմպերով շահագործելու դեպքում մեր ապագա սերունդներին ոչինչ չի մնա: «Մենք առաջարկում ենք կառուցել ձուլարան, հումքը ձուլել և որպես կիսաֆաբրիկատներ արտահանել»,- ավելացրեց նա:

ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքոնյանն էլ խորհուրդ տվեց չմոռանալ, որ հանքերի շահագործումը լուծում է լուրջ սոցիալական խնդիրներ` աշխատատեղեր ապահովելով հազարավոր մարդկանց համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---