Ապամոնտաժող խումբ. Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել մեզ

Ապամոնտաժող խումբ. Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել մեզ

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խումբն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ ォՄենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող պուրակում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին և ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները»։

Նրանք նշում են, որ իրենց համար ակնհայտ է՝ Մաշտոցի այգում մինչ օրս ոստիկանության կատարած բոլոր գործողությունները` ներառյալ 2012 թվականի ապրիլի 15-ին այգում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը, չեն համապատասխանում այդ իրավապահ մարմնի` օրենքով սահմանված լիազորություններին։

«Ստիպված ենք հիշեցնելու ոստիկանությանը, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է՝ 1. այնպիսի մի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, հանրային սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, երբ այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի, 2. ի պաշտպանություն հակաիրավական ոտնձգությունից պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կառավարման սահմանված կարգի ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում` թույլ չտալով անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նրանք ոստիկանությանը տեղեկացնում են, որ սույն թվականի ապրիլի 15-ին Մաշտոցի այգում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել է քառասունից ավել քաղաքացի, որոնք բոլորը` հեռացնելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց և հանրության իրավունքների իրացման նպատակով մտել են ոստիկանների կողմից անօրինական հիմքերով պահպանվող տարածք և փորձել ապոմոնտաժել այնտեղ գտնվող ինքնակամ շինությունը. «Այդ փաստից ելնելով համոզմունք ենք հայտնում, որ ոստիկանության կողմից իր ենթադրյալ լիազորությունների շրջանակում ապամոնտաժող բրիգադների չորս անդամների նկատմամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը ոչ միայն անօրինական է, այլև ձևական բնույթ ունի։ Եթե ոստիկանությունը ի զորու չէ իր վարույթում ընդգրկելու տվյալ դեպքին մասնակցած բոլոր ապամոնտաժողներին, ապա մենք պատրաստ ենք այդ գործում առկա ձևականությունը վերացնելու նպատակով ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---