Միջազգային աստղագիտական միությունը Հայաստանում գիտաժողով կանցկացնի

Միջազգային աստղագիտական միությունը Հայաստանում գիտաժողով կանցկացնի

PanARMENIAN.Net - Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գործադիր կոմիտեն Փարիզում կայացած իր նիստում քննարկել և բազմաթիվ հայտերի միջից ընտրել է 2013թ. կայանալիք ՄԱՄ-ի պաշտոնական գիտաժողովների ցանկը` թվով 9 գիտաժողով, որոնց թվում է նաև հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովը, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում և ստացել է ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի պաշտոնական համարը: ՄԱՄ-ի 2013թ. մյուս գիտաժողովները կկայանան ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում (2), Նիդերլանդներում, Լեհաստանում, Չինաստանում և Հնդկաստանում: Այս տարի արդեն անցկացվել է ՄԱՄ 2 գիտաժողով, ևս 8-ը տեղի են ունենալու Պեկինում` օգոստոսի 20-31-ին կայանալիք ՄԱՄ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Շրջահայություններն աստղագիտության մեջ երկնքի ծավալուն ուսումնասիրություններ են, որոնց արդյունքում հայտնաբերվում են տիեզերական նոր հետաքրքիր օբյեկտներ:

Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովին քննարկվելու են ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) բազմալիքային (գամմա, ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո) շրջահայությունները` կատարված ցամաքային և տիեզերական դիտակներով, ԱԳՄ կառուցվածքը և տեսական մոդելները, առանձին ԱԳՄ և դրանց փոփոխականության հարցերը, ակտիվության երևույթը, ԱԳՄ պարունակող գալակտիկաների, դրանց շրջապատի, գալակտիկաների համակարգերում (բազմակի գալակտիկաներ, խմբեր և կույտեր) դիտվող ԱԳՄ-ների փոխազդեցությունները և ապագայի ծավալուն նախագծերը: Գիտաժողովի գիտական կազմկոմիտեում ընդգրկված են Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա), Ռոջեր Բլենդֆորդը (ԱՄՆ), Ջորջ Դյորգովսկին (ԱՄՆ), Երվանդ Թերզյանը (ԱՄՆ), Մալքոլմ Լոնգեյրը (Մեծ Բրիտանիա), Էնրիկո Մասարոն (Իտալիա), Լաուրա Մարաշին (Իտալիա), Ֆելիքս Միրաբելը (Արգենտինա), Արեգ Միքայելյանը (Հայաստան), Ռայ Նորիսը (Ավստրալիա), Պաոլո Պադովանին (Գերմանիա), Բրադլի Պետերսոնը (ԱՄՆ), Էլեն Սադլերը (Ավստրալիա), Դեյվիդ Սանդերսը (ԱՄՆ), Էլեն Սոլը (Ֆրանսիա), Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Տադայուկի Տակահաշին (Ճապոնիա) և Մեգան Ուրին (ԱՄՆ): Տեղական կազմկոմիտեի նախագահն է Արեգ Միքայելյանը: Գիտաժողովին հրավիրվելու են նաև մի շարք այլ անվանի մասնագետներ, ինչպես նաև կմասնակցեն մեծ թվով երիտասարդ աստղագետներ, ընդհանուր թվով` մոտ 200 հոգի:

Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989 և 1998 թթ. և 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 5-րդը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---