Բակո Սահակյան. Բերձորի ազատագրումը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցավ

Բակո Սահակյան. Բերձորի ազատագրումը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցավ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ևպետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Շնորհավորելով բոլորին այս հիշարժան տոնի կապակցությամբ` Բակո Սահակյանը նշել է, որ Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը և անմիջական կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ, ինչն ուներ մեծ ռազմավարական նշանակություն: Նախագահի խոսքով` Քաշաթաղի շրջանի շենացումը գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Այստեղ իրականացվում են բազմաթիվ կարևոր ծրագրեր` ուղղված շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը և տարածքների համաչափ զարգացմանը:

Բակո Սահակյանը եղել է «Սյունիք - 3» ՀԷԿ-ի շինհարթակում և տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Նախագահը ներկա է գտնվել նաև «Սյունիք - 2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետև երկրի ղեկավարը մասնակցել է Բերձոր քաղաքում նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---