Հայաստանի և Վիետնամի նախագահները կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումը

Հայաստանի և Վիետնամի նախագահները  կարևորել են տնտեսական փոխգործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Զոհված հերոսների հուշարձան և Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել և հարգանքի տուրք մատուցել: Նախագահականի լրատվական բաժնից հաղորդում են, որ այնուհետև Վիետնամի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին hամաձայնագրեր և ՀՀ արտաքին գործերի նախարարության ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն: Հայաստանի և Վիետնամի նախագահները տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորել են իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը: Այսօր ստորագրված փաստաթղթերը երկու երկրների ղեկավարներն այդ ուղղությամբ արված առաջին քայլն են համարել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կողմից միջկառավարական հանձնաժողովներ ձևավորելու մասին, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի գործնական հարթություն կտեղափոխի տարբեր ոլորտներում հայ-վիետնամական համագործակցությունը:

Հեռանկարային է համարվել առևտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգության, պաշտպանության, կրթության, կադրերի պատրաստման, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

Կարևորել է նաև երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանոյում հանդիպել է նաև երկրի տարբեր բնակավայրերից մայրաքաղաք Հանոյ ժամանածների հետ։

Նա Հանոյում այցելել է նաև Գրականության տաճար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---