Մաքսիմ Շևչենկոն գտնում է, որ Լավրովն Իրանում քննարկելու է նաև ադրբեջանական սադրանքները ՀՀ հետ սահմանին

Մաքսիմ Շևչենկոն գտնում է, որ Լավրովն Իրանում քննարկելու է նաև ադրբեջանական սադրանքները ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն Իրան կարող է պատասխան լինել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին Հարավային Կովկաս: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն: Ըստ նրա, Լավրովի Իրան այցելության հիմնական նպատակը Սիրիայի վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցումն է:

«Կարծում եմ, Սերգեյ Լավրովը պաշտոնապես կիրազեկի Իրանի ղեկավարությանը Պուտինի Պեկին կատարած այցի արդյունքների մասին, որի ժամանակ, վստահաբար, քննարկվել են նաև սիրիական ու իրանական հարցերը»,-ասել է Շևչենկոն, հայտնում է SalamNews-ը:

Շևչենկոն նաև նշել է, որ կարևոր է նաև Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած իրադրության վերջին սրումը: «Անշուշտ, իրավիճակն Անդրկովկասում, մասնավորապես, իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական ռազմաճակատում նույնպես կարող է քննարկվող թեմաներից մեկը լինել: Այցի երրորդ գործոնն այն է, որ դա պատասխան կլինի Քլինթոնի այցին Հարավային Կովկաս, որը շատերն ընկալեցին որպես դիրքորոշումների ստուգում Միխայիլ Սահակաշվիլիի և Անդրկովկասի մյուս ղեկավարների հետ ԱՄՆ-ում նախընտրական արշավի մեկնարկից և այն իրադարձություններից առաջ, որոնք հնարավոր են տարածաշրջանում Սիրիայում պատերազմի խորացման դեպքում»,-ասել է քաղաքագետը:

Շևչենկոն նաև պարզաբանել է, որ եթե պատերազմը Սիրիայում անդառնալի դառնա, ապա այդ պատերազմի մեջ կարող է ներքաշվել նաև Իրանը, ընդ որում բավականին լուրջ: Իսկ դա նշանակում է, որ կներքաշվեն նաև Իրանի այն հարևանները, որոնք Թեհրանի հետ ունեն բարդ կամ ոչ այնքան բարդ հարաբերություններ:

«Դա կարող է անդրադառնալ ողջ տարածաշրջանի վրա: Սիրիայի կոնֆլիկտը տեղական չի լինի: Վստահ եմ, որ պատերազմի սրացումը Սիրիայում կանդրադառնա և Ադրբեջանի, և Հայաստանի, և տարածաշրջանի մյուս երկրների վրա: Ուստի, կարծում եմ, որ Ռուսաստանը, որը շահագրգռված չէ, որ իր սահմանների մոտ զինված հակամարտություններ լինեն, նաև այս հարցը կքննարկի Իրանում՝ հարաբերությունների հեռանկարներն ու կարծիքների փոխանակում»,-ասել է նա:

Ըստ քաղաքագետի, այցի կարևոր գործոն է նաև Իրանի միջուկային ծրագիրը:

«Գտնում եմ, որ Իրանը պատրաստ է լուրջ քննարկումների, դիվանագիտական սակարկություն է գնում»,-ասել է Շևչենկոն:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---