Քաղաքապետ. Հայ-ճապոնական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում

Քաղաքապետ. Հայ-ճապոնական համագործակցությունը  բարձր մակարդակի վրա է գտնվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա և մասնավորապես «Սոկա Գակկայ» համալսարան:

Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաև հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երևանն անդամակցում է նաև «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը:

«Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի» գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը և նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է և ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաև ընդգծել է, որ երևանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---