«Չենք լռելուն» այցելել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ՊՆ մայորին (վիդեո)

«Չենք լռելուն» այցելել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ՊՆ մայորին

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանին:

«Չենք լռելու»-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախաձեռնության անդամները զրուցել են ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի հետ: Վերջինս հայտնել է, որ ծեծի ենթարկված Ավետյանը երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, գլխուղեղի դիսլոկացիա` մոտավորապես 3-4 աստիճան, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը թեքվել էր դեպի մյուս կիսագնդի մեջ:

Անտոնյանն իր կոլեգայի վիճակը ծայրահեղ ծանր է համարում, ինչը նշանակում է, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:

Վերակենդանացման բաժանմունքի պետը նշել է, որ ծեծի է ենթարկվել նաև Ավետյանի ընկերը` հոսպիտալի մեկ այլ աշխատակից, միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը: Վերջինս գանգուղեղի ծանր ցնցումով նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Չենք լռելու»-ն իր պատրաստած տեսանյությում, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցույց տալ Ավետյանի վիճակը` որպես ևս մեկ ահազանգ այն իրողության, թե որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստավզերի տերերը` նրանց թևեր տվողները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---