Սևանա լճում երրորդ անգամ կիրականացվի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավը

Սևանա լճում երրորդ անգամ կիրականացվի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավը

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ից 24-ը կիրականացվի Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը: Կշարունակվեն 2010 և 2011թթ-ի գիտարշավների աշխատանքները, որոնց արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար:

Ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երեք կրողներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ:

Այսուհետ այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո` նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ:

Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաև շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը, ստանալ այլ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ:

Ծրագիրը առնչվում է հետևյալ բնագավառներին` հիդրոերկրաբանություն, ձկնաբուծություն, երկրաբանական գիտություններ, բնապահպանություն, հնագիտություն և ազգագրություն, քարանձավագիտություն և պատմություն:

Այս տարի հնագիտական աշխատանքներ կտարվեն Սևանա լճի հատակում` 15մ խորության վրա հայտնաբերված վթարված նավի բացահայտման ուղղությամբ:

Ձեռբերված բոլոր տարրերը կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով: Դրանց ուսումնասիրության արդյունքներն անմիջականորեն կապված են քաղցրահամ ջրի այս ջրավազանի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի մեծ ռազմավարական նշանակություն ազգային, հատկապես տարածաշրջային կարևորություն:

Տարված աշխատանքներից հետո տեղի բնակիչները ավելի տեղեկացված կլինեն Սևանա լճի մասին, ինչպես նաև նյութեր կտրամադրվեն թանգարաններին, մասնավորապես Սևան Ազգային պարկի թանգարանին, որն աջակցում է մեր գիտարշավների իրականացմանը, հայտնում է Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---