ԵԺԿ Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում

ԵԺԿ Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեցին Բաթումիում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջին գագաթաժողովին, որին ներկա էին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, փոխվարչապետ ու եվրոպական ինտեգրման նախարար Գրիգոլ Բարամիձեն, Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, գագաթաժողովին անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող համագործակցությանն ու դրա հեռանկարներին: Քննարկումներ ընթացան հետևյալ հարցերի շուրջ. Արևելյան գործընկերությունը 2011թ. Վարշավայի գագաթաժողովից մինչև 2013թ. Վիլնյուսի գագաթաժողով, Եվրոպական ժողովրդական կուսակցության և դրա անդամ հանդիսացող Արևելյան գործընկերության երկրների կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը, Արևելյան գործընկերության քաղաքական հարթության ամրապնդումը, Արևելյան գործընկերության սեկտորային համագործակցության խթանումը:

Այս հարցերի շուրջ գագաթաժողովին հայկական կողմի տեսակետները ներկայացրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի անունից ընդունվեց համատեղ եզրափակիչ հռչակագիր, որտեղ ներկայացվեց ԵԺԿ և գագաթաժողովի մասնակից երկրների տեսլականն Արևելյան գործընկերության հեռանկարների, ԵԺԿ անդամ կուսակցությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Հռչակագրում ամրագրվեց, որ այս ձևաչափով հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա այս տարվա վերջին Երևանում:

Նույն օրն առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին, որի հետ մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության վերաբերյալ:

Գագաթաժողովին նախորդեց նախարարների հանդիպումը, որին մասնակցեցին ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Վրաստանի փոխվարչապետ Գրիգոլ Բարամիձեն և Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---