Սերժ Սարգսյան. Ոստիկանության համակարգում առկա խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները

Սերժ Սարգսյան. Ոստիկանության համակարգում առկա խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստն այսօր բացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր խոսքում նախագահն անդրադարձել է համակարգում առկա խնդիրներին, նշելով, որ դրանք «ավելի շատ են, քան ձեռքբերումները»:

«Խոսքը նաև այն բոլոր անընդունելի երևույթների մասին է, որոնք եղել են ու դեռևս կան ոստիկանության համակարգում: Հավատում եմ, որ փոփոխությունների ուղղությամբ ավելի մեծ արագություն հավաքելու դեպքում արատները թոթափելու հարցը շատ ավելի հեշտ կստացվի, և հավատացեք՝ շատ պարագաներում ինքն իրեն կստացվի:

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև քրեական գործերով կատարվող նախաքննության որակը: Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց ես համարում եմ, որ ոստիկանության ամենաթույլ տեղը հենց այս ոլորտն է: Եվ այստեղ, անշուշտ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել: Գտնում եմ նաև, որ հանցագործությունների բացահայտման, դրանց քննության ընթացքում պետք է բացառվեն այնպիսի երևույթներն ու գործելակերպը, որոնք ստվերում կամ կասկածի տակ են դնում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից անձի իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության համաիրավական սկզբունքների պատշաճ իրականացումը»:

«Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ ևս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնմխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը:

Հատկանշական է, որ նշված ուղղություններով ձեռնարկվելիք աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն բացասական երևույթներ ծնող պատճառները կամ անձանց բացահայտելով»,-ասել է նախագահը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---