Շահան Քանդահարյան. Թուրքիան վերջին պետությունն է, որ կարող է քննադատել Սիրիայի իրադարձությունները

Շահան Քանդահարյան. Թուրքիան վերջին պետությունն է, որ կարող է քննադատել Սիրիայի իրադարձությունները

PanARMENIAN.Net - Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Բեյրութում հրատարակվող «Ազդակ»ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը իր հոդվածում գրում է, որ Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարություններն ամփոփվում են հետևյալ կետերում.

Ա.- Անկարա չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որևէ հարձակումի դեպքում:

Բ.- Իր ժողովուրդը սպանող արյունարբու վարչակարգը պիտի տապալվի Սիրիայի ժողովրդի կողմից, վաղ թէ ուշ։ Սիրիայի ժողովուրդը պիտի հաղթանակի:

Գ.- Միջազգային ընտանիքը իր պատասխանատվություններին տեր կանգնելով և խիստ վարվելով Սիրիայի վարչակարգի նկատմամբ, պետք է ստիպի, որ արյունահեղությունը դադարեցվի Սիրիայում։

Դ.- Դամասկոսը նկատի չի ունեցել 2011-ից Անկարայի կողմից հնչող խորհուրդները` բարեփոխումներ կատարելու. այլապես նման իրավիճակում չէր հայտնվի այսօր Սիրիան։:

Այս հայտարարությունը առաջին հայացքով նախանշում է, որ Անկարան շարունակում է Սիրիայի նկատմամբ իր կեցվածքների թեթև հարափոփոխելիության վարքագիծը:

«Առաջին և վերջին կետերում հիմնական ուղերձ չկա: Հակառակ անոր որ իր օդանավի կործանումը Դամասկոսի ուսերին բարդող Անկարան զինվորական ուղղակի հակահարձակողական գործողության չդիմեց: Երկու նկատառելի հանգամանք կա այս դեպքում։ Առաջինը այն էր, որ բավական ուշացումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական պատասխանատվությունը հեռացնող հայտարարություն կատարեց` Թուրքիայի քաղաքական վարիչների հայտարարածին նկատմամբ հակասություն ցուցադրելով. և երկրորդ. ապստամբները զինող և ֆինանսավորող Թուրքիան զինվորական հարձակումի անուղղակի ձևերը լիովին կիրառում է արդեն Սիրիայի տարածքում:

Քաղաքական խառն ուղերձի նրբերանգները երկրորդ և երրորդ կետերում են գտնվում։ Սիրիայի ժողովրդին վերագրելով վարչակարգի տապալման պատասխանատվությունը, Անկարայի վարչապետը հստակ ձևակերպում է պաշտոնական կեցվածք` արտաքին ուժի միջամտության դեմ: Այստեղ նաև ժամանակի անորոշություն է փոխանցվում: «Վաղ թէ ուշը»-ը միաժամանակ թե՛ անմիջականություն և թե՛ իրավիճակի առկախում է ենթադրում: Ժողովդի կողմից տապալումի եղանակը ևս անորոշ է, ինչպես ժամանակը»,-ասվում է հոդվածում:

«Մինչդեռ, հաջորդ կետում կընդգծվի հստակ ակնկալություն` միջազգային ընտանիքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջական միջամտության... արյունահեղությունը կասեցնելու: Արյունահեղություն կասեցնելը այստեղ երկու հակամարտող կողմերում է վերաբերվում և անպայման չի ենթադրում վարչակարգի հեռացումի առաքելություն:

Ռուսական և ամերիկյան կեցվածքների միջև տվայտող թրքական այս կեցվածքը ավելի հիմնավորելու համար ոչ շատ հեռու գացող հետադարձ հայացքը լուսաբանող հանգամանք կարող է ունենալ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հազիվ մի ամիս առաջ հայտարարում էր, որ իր երկիրը ձախողած էր Դամասկոսի վարչակարգը տապալելու գործում։ Այս հաստատումը ենթադրում է, որ Անկարան պաշտոնապես այդ գործին լծված էր: Հիմա վարչակարգի տապալումի գործը այս ձևով վստահված է Սիրիայի ժողովրդին: Արտաքին միջամտության պահանջը` անբովանդակ հայտարարություն է, որովհետև արյունահեղության կասեցման առաջադրանքով է և ոչ թե վարչակարգի տապալման:

Արյունարբու վարչակարգի մասին խոսող, սեփական ժողովրդի դեմ ջարդ կիրառելու երևույթները դատապարտող և արյունահեղության կասեցման համար արտաքին խիստ միջամտություն պահանջող վարչապետ Էրդողանը փորձում է մոռացության մատնել այն, որ ինքն իրավական ժառանգորդն է արյունարբու մի վարչակարգի, որ լծված էր իր կայսրության ցեղային մաքրազտումի ցեղասպանական քաղաքականության և համաշխարհային Ա. պատերազմի ժամանակն ու պայմանները լիարժեք օգտագործած էր` արտաքին խիստ միջամտությունները կանխարգելելու համար: Նոր օսմանականության ներկայացուցիչը ուզում է մոռանալ, որ միևնույն այս վարչակարգի հետ արտակարգ մերձեցումի քաղաքականությանը լծվել էր` բացելով այժմ իր փակած սահմանները, կնքելով բոլոր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր և միևնույն «արյունարբու վարչակարգ»-ին հետ որոշած էր նոր էջ բանալ Անկարա-Դամասկոս հարաբերություններում»,-գրում է Շահան Քանդահարյանը:

«Սեփական ժամանակակից պատմությունը ժխտելու հարիր վարքագծում են տեղավորվում վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնք խառն ուղերձների տարրեր կպարփակեն իրենց մեջ: Համենայն դեպս Անկարայի ներկայացուցիչը վերջինը կարող էր լինել նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելու համար»,-ասվում է «Ազդակ»ի գլխավոր խմբագիր հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---