ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը սատարում է Արցախի անկախությունը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը սատարում է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:

Բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

Բանաձևը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:

«Շնորհակալ ենք Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատին Արցախի ազատությունը սատարող բանաձև ընդունելու համար: Ընդունելով այս բանաձևը` Մասաչուսեթսի օրենսդիրները խրախուսել են մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր արժեքները», բանաձևի ընդունման կապակցությամբ ասել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Հեչթին այս հարցում իր ցուցաբերած վճռական առաջնորդության համար: Բարձր ենք գնահատում մեր հայրենակիցներ և երկարամյա աջակիցներ Ջեյմս Գալուստյանի և Միդլեսեքսի շրջանի Շերիֆ Փիթեր Կուտուջյանի մեծ նվիրվածությունը ու շարունակական ջանքերը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի հետապանդմանը»,- ավելացրել է Ավետիսյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---