Էդվարդ Նալբանդյանը նորզելանդացի գործընկերոջ հետ քննարկել է միջազգային օրակարգի արդի խնդիրներ

Էդվարդ Նալբանդյանը նորզելանդացի գործընկերոջ հետ քննարկել է միջազգային օրակարգի արդի խնդիրներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ի երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանեց Նոր Զելանդիա: Օդանավակայանից Էդվարդ Նալբանդյանն ուղևորվեց Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ Մըքկալիի հետ հանդիպմանը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Մյուրեյ Մըքկալին ասաց. «Դուք մեծ քայլ կատարեցիք ընդունելով իմ հրավերը և, կտրելով այս երկար ճանապարհը, ժամանեցիք Նոր Զելանդիա, ինչը մեր երկրի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու՝ Հայաստանի պատրաստակամության վկայությունն է»:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:

Բանակցությունների ընթացքում՝ երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:

Փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և գյուղատնտեսությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Մըքկալին հանգամանալից զրույց ունեցան միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր նորզելանդացի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարևորեց Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը ներկայացրեց ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները:

Երկխոսությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի շարունակականությունը ապահովելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Մյուրեյ Մըքկալիին հրավիրեց այցելել Երևան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---