Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում կայացավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման արարողությունը

Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում կայացավ  հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման արարողությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին և այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը: Հանդիսության պատվո հյուրերն էին Ամենայն Հայոց Հայրապետը և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը: Կաթողիկոսին ուղեկցում էին Ռումինիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ Արևելյան թեմի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի, Բուլղարիայի թեմակալ առաջնորդները:

Ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության ու մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեյի ողջույնի խոսքից հետո «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանին բացելու համատեղ դրոշմանիշի վահանակը: Այնուհետև ելույթներով հանդես եկան նախարար Տիտուս Կոռլացեանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պոպեսկուն և Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Այդ կարևոր իրադարձության կապակցությամբ գնահատանքի և օրհնանքի իր խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Համատեղ դրոշմանիշի վրա պատկերված վանքը ևս մեկ վկայությունն է հայ և ռումին ժողովուրդների երկարատև համերաշխ գոյակցության: Ավանդությունը պատմում է, թե 500 տարի առաջ մոլդովացի հայ առևտրականներ Դոն-Ավագ եղբայրները դեպի Բուդապեշտ իրենց առևտրական ճանապարհին` Սուչավայի մոտ մի բլուրի վրա, կառուցեցին Սբ. Աստվածածնին նվիրված մի վանք, որը հետագայում նշանավոր էր դառնալու իր զորությամբ: Հաճկատար վանքն այսօր ուխտատեղի է ոչ միայն Ռումինիայի և շրջակա երկրների հայերի, այլև հազարավոր տեղացիների համար, որոնք այդ վանքի հետ են կապում իրենց փափագների կատարումը: Դարերից եկող այս ամուր հավատը պատգամ է մեզ, հատկապես` քաղաքական մարդկանց և դիվանագետների համար` անխաթար պահպանելու անցյալի համատեղ արժեքները, հատկապես նրանց էությունն ու ոգին, բարեկամությունն ու համերաշխությունը, և, նոր ուժով հագեցած, այն փոխանցելու հաջորդ սերունդներին»,- իր խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:

«Հայ-ռումինական ընդհանուր այդ ժառանգությունը բնականորեն մաս է կազմում համաեվրոպական և համամարդկային արժեքների և մեզ ուղղորդում դեպի այն ընդհանուր նպատակը, որին միասնաբար ձգտում ենք` խաղաղ, ապահով և համերաշխ Եվրոպա և ավելի լայն առումով` խաղաղ, ապահով և համերաշխ աշխարհ», ասաց Հայաստանի դեսպանը:

Համատեղ դրոշմանիշը իրականացրել են «Ռոմֆիլատելիա» ընկերությունը և «Հայփոստ» ՓԲԸ` Ռումինիայում Հայաստանի դեսպանության գործուն աջակցությամբ: Դրոշմանիշը, որի վրա պատկերված է Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքը` «Հայկական վանք Հաճկատար. 1512-2012» մակագրությամբ, երկու երկրներում պաշտոնապես շրջանառության մեջ է մտել օգոստոսի 11-ին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---