Բաքուն փորձում է արդարանալ ՝ պարզվում է, նրանք Սաֆարովին «հերոս» չեն հռչակել

Բաքուն փորձում է արդարանալ ՝ պարզվում է, նրանք Սաֆարովին «հերոս» չեն հռչակել

PanARMENIAN.Net - Ի պատասխան միջազգային հանրության կոշտ քննադատության, կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հետ, պաշտոնական Բաքուն որոշել է ինչ-որ կերպ արդարանալ: Մասնավորապես, Ալիևի աշխատակազմի սոցիալ-քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանն, իբր, «պաշտոնապես Սաֆարովին հերոս չի հռչակել և չի փառաբանել նրա հանցագործությունը»: Պարզվում է, Բաքուն ուղղակի «ազատել է իր զինվորին, որը 8,5 տարի բանտում է նստել ու ապացուցել է, որ սոցիալական և միջազգային վտանգ չի ներկայացնում: Պարզվում է նաև, ըստ նույն Ալի Հասանովի, որ ադրբեջանական հանրության շրջանում հետաքրքրությունը Սաֆարովի գործի հանդեպ այնքան ուժգին էր, որ նա ինքն իրեն «հերոս հռչակվեց»: Եվ ոչ մի ծնծություն այդ առիթով Բաքուն չի էլ զգացել:

Եթե դատելու լինենք ըստ Հասանովի խոսքերի, ապա Ադրբեջանում ընդունված է հանցագործների առջև կարմիր գորգ փռել, նրանց բնակարաններ նվիրել, լեյտենանտին, անտեսելով կապիտանի աստիճանը, մայորի կոչում շնորհել, վճարել 8 տարվա աշխատավարձը: Այս ամենն ընդունված կարգ է:

Հավանաբար, պետք է մոռանալ նաև Ադրբեջանում բոլոր մակարդակներով հնչող հայտարարություններն այն մասին, որ Սաֆարովն «օրինակ է ադրբեջանցիների ապագա սերունդների համար, արիության ու քաջության մարմնացում, որը թշնամու արյունն է թափել»: Հետո ինչ, որ խաղաղ ժամանակ, հետո ինչ, որ քնած մարդու, հետո ինչ, որ կացնով:

Բաքվի ցանկությունն ինչ-որ կերպ վերականգնել խիստ տուժած հեղինակությունը, կարելի է հասկանալ: Չէ որ համաշխարհային հանրության արձագանքը բավականին կոշտ էր՝ ՄԱԿ-ից ու ՆԱՏՕ-ից սկսած մինչև Եվրոպայի խորհուրդ: Թեկուզ որևէ կշիռ ունեցող երկիր չմնաց, էլ չասած տերությունների մասին, որ չդատապարտեր Բաքվի կողմից բոլոր նորմերի ու օրենքների այդ անասելի խախտումը՝ հայտարարելով, որ դա լրջորեն կխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը: Բաքվում արդեն հավանաբար ուրախ էլ չեն, որ այս արկածախնդրությունը ձեռնարկեցին՝ չէ որ ողջ աշխարհը մի ակնթարթում հասկացավ այն, ինչի մասին հայերը պնդում են արդեն տասնյակ տարիներ՝ Արցախը ոչ մի պայմաններում և ոչ մի հանգամանքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որը «սաֆարովներ է դաստիարակում»:

Վերջում մի փոքր տեղեկանք: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---