Դեսպան Քոչարյանը ադրբեջանա-հունգարական գործարքի մանրամասներն է ներկայացրել Լիբանանի ղեկավարությանը

Դեսպան Քոչարյանը ադրբեջանա-հունգարական գործարքի մանրամասներն է ներկայացրել Լիբանանի ղեկավարությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության և շարունակական աջակցության համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի և տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:

ՀՀ դեսպանը նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաև մանրամասներ` ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ:

Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել և խորը անհանգստություն են արտահայտել հունգարա ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` նաև Բեյրութում` Հունգարիայի դեսպանության շենքի առջև:

Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը` հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:

Նախագահ Սլեյմանը խնդրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին: Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---