Բաքվում վիրավորվել են Ժիրինովսկուց և նոտա հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

Բաքվում վիրավորվել են Ժիրինովսկուց և նոտա հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ. վերջինիս ընդունել է ԱԳ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը Հալաֆովը դեսպանին է հայտնել «խիստ բողոքը»` կապված «Ռուսաստանի Պետդումայի և Պետական խորհրդի անդամ Վլադիմիր Ժիրինովսկու անպատասխանատու կոչի հետ, որը նպաստում է ազգային թշնամանքի բորբոքմանը և ադրբեջանցիների նկատմամբ հանցագործությունների և ահաբեկչության տարածմանը»: Ժիրինովսկին մասնակցել է Ռամիլ Սաֆարովի ներման դեմ ուղղված սեպտեմբերի 14-ին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից արտոնված և «Ռուս-հայկական միության» կողմից կազմակերպված բողոքի ակցիային:

Փոխնախարարն ընդգծել է նաև, որ այդ «անպատասխանատու կոչը ստվեր է գցել երկու երկրների միջև առկա համագործակցության և բարեկամական հարաբերությունների վրա»: Ընդգծվել է, որ «նման հայտարարությունները վնաս են հասցնում ղարբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրի»:

Հալաֆ Հալաֆովը հույս է հայտնել, որ Ժիրինովսկու «անպատասխանատու հայտարարությանը» Ռուսաստանի կառավարական կառույցների կողմից համապատասխան գնահատական կտրվի:

Մոսկվայում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրել է, որ Սաֆարովի կերպարի շուրջ կոնֆլիկտը կարող է հանգեցնել հայերի և ադրբեջանցիների շրջանում արյունալի վրիժառության գործողությունների:«Իսկապես կարող են լինել վրեժխնդիր քայլեր, երբ նրան ինչ-որ մեկը սպանի: Եվ դա կլինի արյունալի վրեժ, և կրկին մարդիկ կսպանվեն: Նրան կարող էին տեղափոխել, նա պետք է գոնե մի հինգ տարի նստեր, հետո կարող էին անաղմուկ բաց թողնել, հիվանդության պատճառով, որևէ մեկին չհայտարարելով: Իսկ այս պարագայում համարյա թե ծաղիկներով են դիմավորել: Իսկ դա կապված է մեծ գումարների հետ գործ ունենալու հետ: Փող շատ են տեսել, հիմա էլ տոնում են: Վրեժ լուծել հայերից: Նա բանտում չի նստելու: Դա ակնհայտ է»,-ասել է նա:

Ժիրինովսկու կարծիքով, հայկական հատուկ ծառայությունները կարող են որս սկսել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլ նաև ադրբեջանցի ազդեցիկ գործարարների և քաղաքական գործիչների վրա: «Թող աշխատեն հայկական հատուկ ծառայությունները, որպեսզի հաջորդ անգամ մարդասպանին ազատ արձակելիս պատմությունը չկրնկվի: Այդ ամենը հատուկ ծառայությունների գործն է: Հանրահավաքներում մենք այս հարցը չենք լուծի: Թող նրանք աշխատեն: Եվ հնարավոր կլինի կանխել նմանատիպ գործողությունները: Ասել, որ 1 հայի սպանելով, դրա փոխարեն ձեզ մոտից կանհետանան 5 հարուստներ: Եվ ինչ եք անելու: Այդ ժամանակ կմտածեն, որ մենք սրան կփրկենք, իսկ մեզանից մեր երեխաներին չեն խլի: Նրանք էլ բանակում շատ ադրբեջանցիներ ունեն: Այնտեղ նույնպես կարող է մեկն անցնել, նռնակ նետել և մի ամբողջ դասակ կզոհվի: Այնտեղ ցանկության դեպքում միջոց կգտնեն»,-ասել է Ժիրինովսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---