2011 թվականին առաջին անգամ Սևանա լճի մակարդակը գերազանցել է 1905 մ նիշը

2011 թվականին առաջին անգամ Սևանա լճի մակարդակը գերազանցել է 1905 մ նիշը

PanARMENIAN.Net - 2011 թվականին Սևանա լճի մակարդակն առաջին անգամ գերազանցել է 1905 մ նիշը: Այդ մասին 2011թ. բյուջեի կատարողականի մասին լսումների ժամանակ ԱԺ-ում հայտարարել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Ըստ նրա, ջրի թափանցիկությունը լճում կազմել է 6-10 մետր:

2011թ. պետբյուջեով բնապահպանության նախարարությանը հատկացվել է 2,727 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,28 տոկոս:

Կատարված աշխատանքների թվում փոխնախարարն առանձնացրել է անտառամաքրման աշխատանքները 284 հա, իշխանի 3600 էնդեմիկ մանրաձկների արձակումը լիճ, 3 հանրային լողափերի աշխատանքը Սևանում, որոնք այցելել է մոտ 100 000 մարդ:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մաքսուդյանն արծարծել է լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում ջրի տակ հայտնված տարածքների մաքրման հարցը, առաջարկելով նախարարությանը նախապես կատարել մաքրման աշխատանքները, մինչ ջրի մակարդակի բարձրացումը: Սիմոն Պապյանը պարզաբանեց, որ բարդությունը կայանում է նրանում, որ հարկավոր է մրցույթ հայտարարել և կապալառուի գտնել: Այնուամենայնիվ, ըստ նրա, 2011 թվականին մաքրման համար նախատեսված 274 հեկտարից 70 հա մաքրվել է գյուղացիների կողմից ըստ պայմանագրի դեռ ջրի տակ հայտնվելուց առաջ: Սիմոն Պապյանը հավելեց նաև, որ 2012 թվականին նախատեսվում է մինչ ջրի մակարդակի բարձրացումը մաքրել 180 հա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---