Հունգարիայի համար Սաֆարովի գործը «առայժմ փակված» չէ, պնդում է հունգարացի պետքարտուղարը

Հունգարիայի համար Սաֆարովի գործը «առայժմ փակված» չէ, պնդում է հունգարացի պետքարտուղարը

PanARMENIAN.Net - Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցն առայժմ չի կարող փակվել: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը` Nepszabadsag-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի կառավարության որոշումը լուրջ հետևանքներ է ունեցել, ընդհուպ` մինչև Հունգարիայի հետ հարաբերությունների սառեցումը և ԱՄՆ հետ փոխադարձ վստահության կորուստը, ինչը, ըստ Նեմետի, «գլոբալ չհասկացվածության» հետևանք է:

Նեմետը նաև ընդգծել է, որ Հունգարիան պետք է անի հնարավոր ամեն բան` Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Նա հավելել է, որ հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը առաջիկա ամիսներին բավական իրատեսական նպատակ է:

Նեմետն ընդգծել է, որ Հունգարիան, Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ որոշման համար, «ոչ մի փոխհատուցում չի ստացել»: Ըստ նրա, Ադրբեջան վերադառնալուց հետո Սաֆարովին ներում շնորհելը չի կարող բացասաբար անդրադառնալ Բուդապեշտի և Բաքվի տնտեսական համագործակցության վրա, սակայն, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը Հունգարիայի կառավարության մոտ «տհաճ նստվածք » է թողել:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---