Նախարար. Հայ-իրանական ապրանքաշրջանառությունը կկրկնապատկվի և նույնիսկ կեռապատկվի

Նախարար. Հայ-իրանական ապրանքաշրջանառությունը կկրկնապատկվի և նույնիսկ կեռապատկվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Երևանում սկսվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել ԻԻՀ պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ: Իրանական պատվիրակության կազմում էին նաև տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ ու մասնագետներ:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը բացեցին հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ասաց. - Երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է ապահովել տնտեսական համագործակցության բնագավառում համապատասխան ակտիվություն:

Ներկայումս օրակարգում են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում: Կարևոր նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության ակտիվացումը: Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծի առնչությամբ կայացել են մի շարք քննարկումներ և նախագծի իրականացման համար առկա է կողմերի վճռականությունն ու շահագրգիռ հետաքրքրությունը:

Տնտեսական հարաբերությունների աշխուժացման շնորհիվ որոշակի աճ են գրանցել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները և մեր հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն և առկա բարձր մակարդակի ներուժը պահանջում է, որ կարճ ժամանակահատվածում այդ թվերը կրկնապատկվեն, եռապատկվեն: Կարծում եմ, որ այս ոլորտում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը: Գոհունակությամբ պետք է նշել, որ այս առնչությամբ ակտիվություն է նկատվում միջմարզային համագործակցության շրջանակում:

Փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է մեր երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լրացուցիչ լիցք հաղորդել համատեղ նախագծերի իրակացմանը:

Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և կապի, հանքարդյունաբերության, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթական, մշակութային բնագավառներին, ինչպես նաև միջմարզային համագործակցությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, կստորագրվի «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ համատեղ նիստի փոխըմբռնման հուշագիրը»:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---