ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն ԼՂՀ-ում է. Բակո Սահակյանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու համար

ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն ԼՂՀ-ում է. Բակո Սահակյանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը և ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը Բակո Սահակյանը որակել է անթույլատրելի` հավելելով, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է: Այս համատեքստում երկրի ղեկավարը կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը:

Բակո Սահակյանը հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետևանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---