Սեյրան Օհանյան. Առաջին գծում ծառայող զինվորները արժանի են լավագույն պայմաններին

Սեյրան Օհանյան. Առաջին գծում ծառայող զինվորները արժանի են լավագույն պայմաններին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ծանոթանալով նորակառույց շինության պայմաններին և իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ նախարարը նշել է, որ «Առաջնագծում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները արժանի են նման պայմաններ ունենալուն»:

Պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հռթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողությանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

Կատարված որակյալ աշխատանքի արդյունքում դիվիզիոնը այսօր արդեն ապահովված է հակաօդային պաշտպանության զորամասերին հարիր բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասասենյակներն ու զորանոցները համալրված են անհրաժեշտ գույքով, հիմնովին նորակառույց ճաշարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, կաթսաներով և սառնարաններով:

Շնորհավորելով դիվիզիոնի զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը այսուհետ ևս, իր ուժերի ներածին չափով, անելու է հնարավորը երկրի պաշտպանությունն իրականացնող սպաներին ծառայողական արժանավայել պայմաններով ապահովելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է նաև, որ շինությունների բացումը խթան կհանդիսանա եկող ուսումնական տարում դիվիզիոնի առջև դրված խնդիրներն առավել բարեխիղճ, նպատակասլաց և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է չմոռանալ նաև, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, նրա գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ Զինված ուժերի մարտունակությունը:Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---