Ոստիկանությունը պատասխանեց «Թռչկան» նախաձեռնության անդամների նամակին

Ոստիկանությունը պատասխանեց  «Թռչկան» նախաձեռնության անդամների նամակին

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պատասխանել է «Թռչկան» նախաձեռնության անդամների նամակին, որով նրանք ոստիկանապետին խնդրել էին օբյեկտիվ և անաչառ կերպով հետաքննել «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում կատարված գողության գործը: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հայտնում ենք, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է:

Բացի այդ, ոստիկանության պետի ցուցումով՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը:Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաև տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը:

Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ: Սակայն այսօր ոչ պակաս կարևոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, և այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում անուրանալի է»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---