Թուրքական «անաչառությունը», Անկարայի երազանքները ԵԱՀԿ ՄԽ մասին ու Ֆրանսիան որպես «քավության նոխազ»

Թուրքական «անաչառությունը», Անկարայի երազանքները ԵԱՀԿ ՄԽ մասին ու Ֆրանսիան որպես «քավության նոխազ»

PanARMENIAN.Net - Թուրքիան կրկին հայտարարում է, որ «հասունացել է ԵԱՀԿ Մինսկի խմբում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Սելջուկ Ունալը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրել է անաչառությունը. «Խոսք լինել չի կարող այն մասին, որ իր խորհրդարանում Թուրքիայի դեմ զրպարտիչ և հայանպաստ օրինագծեր ընդունող երկիրը կարող է չեզոք լինել: Ուստի Ֆրանսիայի համանախագահության հարցը Մինսկի խմբում պետք է վերանայվի: Մինսկի խմբում ներկայացված են նաև տարածաշրջանից հեռու գտնվող երկրներ: Օրինակ, Իռլանդիան: Անհրաժեշտություն չկա, որ այդ երկրները ներկայացված լինեն Մինսկի խմբում: Հարկավոր է հասնել նրան, որ այդ կառույցը ճկուն ու ակտիվ գործի: Թուրքիան պատրաստ է օբեյկտիվորեն իրենից կախված ամեն ինչ անել»:

Անշուշտ «զրպարտիչ բնույթի օրինագիծ» ասելով Ունալը ենթադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Թուրքիայի կոկորդին դեմ առած ոսկոր է: Առավել ևս, երբ նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ օրենքն ընդունվելու է՝ չնայած Թուրքիայի նյարդային ջղակծկումներին ընդհուպ մինչև հարաբերությունների սառեցում և դրանք խզելու սպառնալիք:

Ինչ վերաբերում է Ունալի այն հայտարարությանը, թե «Թուրքիան պատրաստ է օբեյկտիվորեն իրենից կախված ամեն ինչ անել», ապա դրան հավատան, գուցե միայն Ադրբեջանում, ելնելով այն բանից, որ աշխարհի համար անաչառությունը մի բան է, իսկ Անկարայի ու Բաքվի համար՝ բոլորովին այլ բան:

Նաև ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ամեն գնով ձգտում է անցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շարքերը: Սակայն այդ ոտնձգությունները չեն ստանում ոչ Հայաստանի, ոչ էլ միջնորդների հավանությունը, որոնք հիանալի տեղյակ են Անկարայի սուբյեկտիվությանը:

Այնպես որ բոլոր թվացյալ «անաչառ» գնահատականները, ինչպես նաև այն, որ Թուրքիան այստեղ հավելեց նաև հեռավոր երկրները, հասնելով Իռլանդիային, հավանաբար, ոչ այլ ինչ է, քան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շարքերը սողոսկելու հերթական փորձ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---