Սոցապ նախարար. Պահանջում եմ ավելի հարգալից լինել քաղաքացիների նկատմամբ

Սոցապ նախարար. Պահանջում եմ ավելի հարգալից լինել քաղաքացիների նկատմամբ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է նախարար Արտեմ Ասատրյանը: Մասնակցում էին նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը, ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների 25 նախագահները, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիպման նպատակն ԲՍՓ գործակալության և նրա տարածքային մարմինների 2012թ. կատարած աշխատանքները ամփոփելը, իրավիճակը և առկա խնդիրները ներկայացնելը, լուծումներ գտնելը:

«2012թ. բուռն էր մեր համակարգի համար, տարեվերջին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշումներ, որոնք հնարավորություն կտան ավելի վերահսկելի դարձնել բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցնել փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ Կարծում եմ փոփոխությունները կնպաստեն մեր աշխատանքի ճիշտ կազմակերպմանը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:

ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ա. Սիմոնյանը, ինչպես նաև հանձնաժողովների նախագահները հակիրճ ներկայացրել են 2012թ. կատարած աշխատանքները, ներկա իրավիճակը, խնդիրներն ու հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին հանձնաժողովների անձնակազմի, փորձաքննական բաժինների համապատասխան մասնագետների համալրմանը, տեխնիկական հագեցվածությանը, մարզեր և շրջաններ այցելություններ կատարելու համար տրանսպորտի տրամադրմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը:

Քննարկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները, որոնք նախարարության իրավասության ու հնարավորությունների շրջանակներում անհապաղ կստանան անհրաժեշտ լուծումներ:

Ամփոփելով հանդիպումը` նախարարը նշել է. «Ձեր աշխատանքը ծանր է ու պատասխանատու: Պահանջում եմ և խնդրում առավել հարգալից մոտեցում ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Ձեր վերաբերմունքից է կախված ձեր աշխատանքի արդյունավետությունը և քաղաքացու բավարարվածությունը: Սոցիալական աշխատողը իրավունք չունի անբարյացկամ մոտեցում ցուցաբերել քաղաքացուն, պետք է լինի հոգատար, համբերատար ու սիրալիր: Ձեզանից պահանջվում է աշխատանքի ճիշտ կազմակերպում, քաղաքացիների սպասարկման բարձր որակի ապահովում":

Նախարարի հանձնարարությամբ` ԲՍՓ գործակալության պետի տեղակալը մինչև հունվարի 25-ը հնչեցված խնդիրների վերաբերյալ կներկայացնի ծրագրային առաջարկություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---