Դինքի սպանության օրը մարդաշատ է եղել Անկարայի «Հաղթանակ» հրապարակը

Դինքի սպանության օրը մարդաշատ է եղել Անկարայի «Հաղթանակ» հրապարակը

PanARMENIAN.Net - Անկարայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը ոգեկոչող ֆորում, որը կազմակերպվել էր «Մարդու Իրավունքների Միության» Անկարայի կենտրոնի, «Մտքի Ազատություն Նախաձեռնության» և տեղական այլ հասարակական կազմակերպությունների կողմից։

Թուրքիայի ականավոր մտավորականների մասնակցությամբ ֆորումի աշխատանքներին հրավիրվել էին նաև «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Կարեն Միքայելյանը (ԱԱՀ փոխնախագահ) և Սևակ Արծրունին (ԱԱՀ Խորհրդի անդամ, Թուրքիայի աշխատանքային խմբի համակարգող)։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության մամուլի գրասենյակից, ելույթներով հանդես են եկել հանրաճանաչ մտավորականներ Իսմայել Պեշիկչին, Սաիդ Չեթինօղլուն, Ֆիքրեթ Բաշքայան և Բասքին Օրանը:

Իսմայել Պեշիկչին, ով Հրանտ Դինքի գնահատմամբ Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի առաջին հրապարակայնորեն բարձրաձայնողն է եղել, ասել է, որ Թուրքիայում հայության և մյուս ժողովուրդների վերացմամբ բնաջնջվեց հազարամյա Մերձավոր Արևելքը, և որ այս պատմական անկյունադարձային փաստը հարկավոր է հետազոտել և գնահատել:

Թայֆուն Իշչին ներկաներին հարց է ուղղել Թուրքիայի բնակչության ինքնության մասին և հայտարարել, որ ինքն էլ «հայ ժողովրդի զավակների կողոպտված գույքից» մի օրինակ է, քանի որ հայրը առևանգվել և իսլամացվել է իր ընտանիքը կոտորած մարդկանց կողմից:

Ֆորումի ավարտից հետո բոլոր ներկաները մասնակցել են դեպի Անկարայի «Հաղթանակ»-ի հրապարակ երթին՝ Թուրքիայի պետությունից պահանջելով Հրանտ Դինքի սպանության գործով ճշմարտության անհապաղ բացահայտումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---