Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ը չի միջամտի հայ-թուրքական սահմանի բացման զգայուն հարցին

Նիկոլայ Բորդյուժա. ՀԱՊԿ-ը չի միջամտի հայ-թուրքական սահմանի բացման զգայուն հարցին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում իրավիճակը նախորդ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, կայուն է եղել: Տեսակետը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայինն է, ով այսօր Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև-Մինսկ տեսակամուրջի ժամանակ ավելացրեց նաև, որ այդ կայունությունը հնարավորություն է տվել ուշադրությունը կենտրոնացնել ներքին`սոցիալտնտեսական և այլ խնդիրներ վրա:

Նիկոլայ Բորդյուժան ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի ներուժը պատրաստ է լիարժեք գործել պայմանագիրը ստորագրած երկրների անվտանգության ապահովման և սահմանների պաշտպանության ուղղությամբ` ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որը նույնիսկ ոչ անդամ երկրներում է փորձում գործունեություն ծավալել: «Բոլոր անդամ պետությունների հետ մշակվել ենք ընդհանուր մոտեցումներ, արդյունավետ աշխատանքներ են տարվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում, ստորագրվել են մի շարք կարևոր պայմանագրեր»,- ասաց նա ու ավելացրեց, որ հատուկ աշխատանքներ են տարվել և դրանք շարունակվելու են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հնարավորությունները և որակները բարելավվելու ուղղությամբ:

2012թ. իրականացված միջոցառումներից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առանձնացրեց նաև թմրամիջոցների, մարդկանց վաճառքի դեմ ձեռնարկված քայլերը: ՀԱՊԿ անդամ երկրներում ստեղծվելու են համատեղ ռազմաարդյունաբերական նշանակության ձեռնարկություններ, որոնք իրականացնելու են ԶՈՒ սպասարկման, զինտեխնիկայի վերանորոգման գործառույթներ:

«Տարվա ընթացքում գործողություններ իրականացվել են ՀԱՊԿ ռազմական ներուժն ամրապնդելու նպատակով: Հատուկ կնշեմ Հայաստանի տարածքում տեղի ունեցած զորավարժությունը, որը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ն ընդունակ է լուծել իր առջև դրված խնդիրները»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Նա պատասխանեց նաև հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի հնարավոր քայլերի մասին հարցին`նշելով, որ խնդիրը երկկողմ հարաբերությունների ձևաչափում է, իսկ ՀԱՊԿ-ը չի միջամտում այդպիսի զգայուն հարցերին: Հայաստանի մասով Նիկոլայ Բորդյուժան անդրադարձավ նաև ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին` նշելով, որ առաջին ակադեմիան ստեղծվելու է Հայաստանի տարածքում և ակադեմիայի խնդիրը վերլուծական աշխատանք տանելը, կադրեր պատրաստելն ու կառույցի մասին տեղեկություն տարածելն է: Տեսակամուրջի ժամանակ Հայաստանն առհասարակ շատ քննարկվեց: Ակտիվ գործունեության և այն պատճառով, որ ՀԱՊԿ քարտուղարը միայն երեկ էր Երևանից Մոսկվա մեկնել ու ռուս, ուկրաինացի, ղազախ գործընկերներին նրա այցի մանրամասները հետաքրքրում էին: Հատկապես, որ Նիկոլայ Բորդյուժայի այցը համընկավ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ ժամանակացույցն ուղղակի համընկել էր, բայց այցերի ծրագրերն ու նպատակները տարբեր էին:

Հավելենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին ԱՊՀ երկիրների կողմից` Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքով: ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---