Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել քահանայից հավաք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել քահանայից հավաք

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման նյութն էր` «Թեմերում ծխական կյանքի և եկեղեցական կառույցների (ծխական խորհուրդ, տիկնանց միություն, երիտասարդաց միություն և այլն) կազմակերպումը և նրանց գործունեության կանոնակարգումը»: Քահանայից ժողովին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի թեմերի հոգևոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և թեմերի 169 հոգևոր սպասավորներ, հայտնում է Սբ. Էջմիածնի մամլո ծառայությունը:

Առավոտյան Մայր Տաճարում շուրջ երկու հարյուր քսան եկեղեցականներ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողության: Պատարագիչն էր Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից ավանդական հավաքը: Ժողովը բացվեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, ով տոնի առիթով շնորհավորեց հոգևորականաց ողջ դասին` կոչ անելով վերանորոգել ուխտը հանդեպ Եկեղեցին և հավատարիմ մնալով Ղևոնդյանց օրինակին` ապրել Քրիստոսի ու ազգի զինվոր լինելու գիտակցությամբ:

Հավաքի ընթացքում զեկույցներով հանդես եկան Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Շիրակի թեմ) և Տ. Վրթանես քահանա Բաղալյանը (Գուգարաց թեմ): Քահանայից ժողովի մասնակիցները քննարկեցին թեմական ծուխերի և նրանց ենթակառույցների կազմակերպությանն առնչված խնդիրներ, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքի զանազան մտահոգիչ երևույթներ: Քննարկումների արդյունքում հավաքը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներս, գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ առիթ է ընձեռում մեզ Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին համախմբվելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ` նորոգելու մեր ծառայական ուխտը և զորանալու մեր կոչման ու հովվական առաքելության մեջ: Ս. Ղևոնդյանց քահանայից սխրանքն ամենքիս համար վկայություն է առ Աստված անբեկանելի հավատի, Հայրենիքի նկատմամբ սիրո ու հավատարմության, ժողովրդի հանդեպ անսահման նվիրումի ու պատասխանատվության:

Եկեղեցական առաքելության լիարժեք իրականացման գործում առանցքային նշանակություն ունի ծխական կյանքի պատշաճ կազմակերպումն ու կանոնակարգումը: Ծխական կառույցները` ծխական խորհուրդները, տիկնանց և երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցները, կոչված են բավարարելու հավատավոր մեր ժողովրդի հոգևոր կարիքները, աշխուժացնելու համայնքային կյանքը և նպաստելու համընդհանուր հոգևոր արթնությանը: Այս առիթով հորդորում ենք Հայ Եկեղեցու զավակներին իրենց գործուն մասնակցությամբ զորավիգ լինել Եկեղեցուն և հոգևոր սպասավորներին` ծխական կյանքի արդյունավետ կազմակերպման համար:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ազգային կյանքն ալեկոծած ցավալի իրողության` ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով: Դատապարտում ենք հանցավոր այս արարքը, որն ուղղված է ինչպես անհատի, այնպես և մեր ողջ հասարակության դեմ: Կոչ ենք անում մեր ժողովրդին ապրելու սիրո ու միաբանության ոգով, մեր ազգի և Հայրենիքի շահերի գիտակցությամբ լինելու առավել համախումբ և միակամ:

Աղոթում ենք առ Տերն մեր Փրկիչ, որ բարեխոսությամբ Ս. Ղևոնդյանց քահանայից պահի ու պահպանի աշխարհասփյուռ մեր ժողովրդին, Հայրենիքն ու Եկեղեցին բարօրության, խաղաղության և պայծառության մեջ»:

Ժողովի ավարտին տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Հակոբ քահանա Խաչատրյանին, Տ. Կարապետ քահանա Կարապետյանին, Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանին, Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանին, Վայոց Ձորի թեմից Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանին, Արմավիրի թեմից Տ. Պարթև քահանա Աշուրյանին և Տ. Եղիշե քահանա Կարսյանին, Կոտայքի թեմից Տ. Հովնան քահանա Մաթևոսյանին և Տ. Իսահակ քահանա Մարգարյանին, Շիրակի թեմից Տ. Վարուժան քահանա Տերտերյանին: Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան Հայրապետական թեմից Տ. Երվանդ քահանա Բաբայանը և Տ. Պարթև քահանա Մուրադյանը, Արթիկի թեմից Տ. Լևոն քահանա Հովհաննիսյանը և Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Արմավիրի թեմից Տ. Մասիս քահանա Վարդերեսյանը, Կոտայքի թեմից Տ. Զոհրապ քահանա Մանասյանը, Սյունյաց թեմից Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շիրակի թեմից Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը և Տ. Փառեն քահանա Առաքելյանը, Բանակի հոգևոր առաջնորդությունից Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը, Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, Տ. Զաքարիա քահանա Անանյանը և Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուց Տ. Սևակ քահանա Գաբրիելյանը:

Շնորհաբաշխության ավարտին հոգևորականներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակություն հայտնելով հավաքի առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդին. «Ս. Ղևոնդյանց քահանաները հոգևոր առաջնորդության լավագույն օրինակն են տվել մեզ` լինել աստվածասեր և հայրենասեր, աստվածսիրության և հայրենասիրության այս երկու հասկացությունների հիման վրա կազմակերպել տերունապարգև մեր առաքելությունը, որ է հավատացյալի` ազգի զավակի հոգու փրկությունը»:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցական համայնքների կազմակերպման խնդրին` ընդգծելով դրանում հոգևոր հովվի ծառայասեր ոգու ու նվիրումի կարևորությունը: «Եկեղեցա-վարչական կյանքը նպաստելու է հոգևոր առաքելության արդյունավոր իրականացմանը քրիստոնեական դաստիարակության ու կրթության առումով, հոգևոր-բարոյական արժեքների վրա ազգային կյանքը կառուցելու, մեր ժողովրդի նկարագիրը Քրիստոսի Ավետարանի պատգամների ու պատվիրանների համաձայն կերտելու առումով և նաև կասեցնելու աղանդավորական որոմի տարածումը Հայաստան մեր աշխարհում», - ասաց Վեհափառ Հայրապետը: Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքի խոսքը բերեց Հայ Եկեղեցու բոլոր հոգևոր սպասավորներին և հովվական առաքելության իրագործման մեջ նրանց աջակից հայորդիներին: Վեհափառ Հայրապետը հորդորեց եկեղեցականներին նմանվել Ղևոնդյանց քահանաներին և իրենց հանձնառու ծառայությամբ զորացնել Եկեղեցին ու նրա առաքելությունն ազգային կյանքում:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում եկեղեցականները մասնակցեցին Երեկոյան ժամերգության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---