Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ կրթական համակագործակցության խորացումը

Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ կրթական համակագործակցության խորացումը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փոխնախարար Մանուկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ կրթական համակագործակցության խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանում հայկական դպրոցների գործունեությանն առնչվող մի շարք խնդիրների, այդ թվում Հայաստանում կազմակերպվող համահայկական դպրոցական օլիմպիադաներին վրացահայ երեխաների մասնակցության հնարավորությանը: Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն նշել է, որ Վրաստանի հայկական դպրոցներում նախատեսվում է ներդնել ուսուցման բազմալեզու մոդելը, որը փորձնական փուլ է անցնում շուրջ 40 դպրոցներում: Կողմերը քննարկել են հայ-վրացական համատեղ կրթական ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է եղել "Ֆիզիկա", "Մաթեմատիկա", "Ինֆորմատիկա" առարկաներից երկրորդ համատեղ օլիմպիադայի կազմակերպմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին առաջին օլիմպիադան տեղի է ունեցել Երևանում, Վրաստանի ԿԳ նախարարի տեղակալ Ալուդա Գոգլիչիձեն առաջարկել է երկրորդն անցկացնել Վրաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ գործունեությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---