Շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանների կառուցման աշխատանքները (վիդեո)

Շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանների կառուցման աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը բարերար Լևոն Հայրապետյանինն է, ով ծագումով Արցախի Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ինչպես հայտնել է Արկադի Տեր-Թադևոսյանը «Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնի պատրաստած տեսաֆիլմում, ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: «Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Այժմ մեր նպատակն է փոխառել արտերկրի փորձը, ինչի համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համայն հայության պարտքն է, ուստի անչափ կարևոր է Սփյուռքի մասնակցությունն այդ գործին: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին: Նախագծի համաձայն, ռազմական ու կենցաղային մասնաշենքերից բացի, ուսումնարանը կունենա հանդիսությունների մեծ սրահ, ֆուտբոլի դաշտ տրիբունաներով, հարթակներ բռնցքամարտի, ըմբշամարտի ու ծանրամարտի համար, բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր և թենիսի հարթակ, ինչպես նաև մրգատու այգի ու ծաղկանոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---