Տեղի ունեցավ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII – XIXդդ.» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII – XIXդդ.» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII – XIXդդ.» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հայերեն տարբերակով հրատարակվել է 2007 թվականին: Գիրքը ներառում է Արցախի պատմությունը, այնտեղ տեղական և պետական իշխանության օղակների կազմակերպումը, հայ իշխանական տների տնտեսվարումը և բանակաշինությունը, մելիքությունների անվտանգության ապահովման մոտեցումները: Գիրքը իր առջև կարևոր խնդիր ունի` վերհանել Արցախի հայ ազգաբնակչության վերաբերյալ պատմական իրողությունները և գիտական մակարդակով ներկայացնել դրանք օտարերկրացիներին:

Գրքի հեղինակը նշեց, որ նման գրքերի հրատարակումը շատ կարևոր է, քանի որ հարևան երկրի պատմաշինարարները ջանք ու եռանդ չեն խնայում հայոց պատմության ամեն մի մասնիկը խեղաթյուրելու և կեղծելու համար: Արցախի պատմության կեղծման գլխավոր թեման մելիքությունների պատմությունն է:

«Մեր խնդիրը պատմությունն օբյեկտիվ ձևով ներկայացնելն է: Մենք գունազարդելու պատճառ չունենք: Ադրբեջանցի պատմաշինարարների գրածները հախուռն են ու անհեթեթ: Կան աշխատանքներ, որոնցում կասկածի տակ է դրվում մելիքությունների գոյությունը, ինչը անհեթեություն է: Մյուսներն էլ ասում են, թե մելիքությունները գոյություն են ունեցել, սակայն հայկական չեն եղել, այլ՝ ուշ աղվանական, ինչը նույնպես անհեթեթություն է, քանի որ աղվանները վերացել են մելիքուններից 1000 տարի առաջ: Մենք խնդիր չունենք մեր եղածից դուրս գալ և ուրիշինը վերագրել մեզ: Մեր պատմությունը այնքան ճոխ է ու հարուստ, որ մենք հարևանից վերցնելու խնդիր չունենք»,- ասաց Արտակ Մաղալյանը:

Ի տարբերություն ադրբեջանցիների աշխատությունների, այս գիրքը ներկայացնում է միայն փաստեր, որոնք բազմիցս ապացուցվում են ոչ միայն հայ, այլև ռուսական, վրացական, մահմեդական աղբյուրների միջոցով: «Ժամանակակից պատմագիրների գրածները լավագույն ապացույցն են, որ տարածքը հայկական է: Ներկայացված է Նադիր շահի հրովարտակը, որում Արցախի մելիքների իրավասություններն էին ասվում: Այնտեղ նշված է, որ մելիքները հայ քրիստոնյաներ են եղել»,-ասաց գրքի հեղինակը: Գրքում կան փաստաթղթերի լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ մելիքները ոչ միայն քաղաքական առումով են մեծ դեր կատարել, այլև եղել են գրագետ և լուսավորված անձինք: Գրքում ներկայացվում են նաև քարտեզներ և մելիքների տոհմածառերը: «Եթե մենք այսօր ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դրանում կարևոր նշանակություն ունեցել են մելիքությունները, որոնք պահել են հայկականը այդ գավառներում»,- հավելեց Արտակ Մաղալյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---