ՀՀ-ն Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև կներկայացնի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում

ՀՀ-ն Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև կներկայացնի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Փետրվարի 25-ից մարտի 1-ը աշխատանքային այցով Ժնևում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, փետրվարի 27-ին փոխնախարար Հովակիմյանը ելույթով հանդես եկավ Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ելույթում, մասնավորապես, նշվում էին ՀՀ կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ոլորտում վերջին զարգացումները` Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման, ազգային զեկույցների ներկայացման ընթացքը, ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ տարբեր կառույցների, այդ թվում` պայմանագրային մարմինների, Ընդհանուր պարբերական դիտարկման և հատուկ ընթացակարգերի կողմից ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային պլանի ընդունումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձավ նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքին` նշելով, որ ՀՀ-ն ինքնորոշման սկզբունքը համարում է միջազգային և ազգային իրավունքի պարտադիր և միջազգայնորեն ճանաչված հիմնարար նորմ` առանց բացառության բոլոր պետությունների համար:

Անդրադառնալով 25 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին` փոխնախարար Հովակիմյանն ընդգծեց, որ այդ ոճրագործությունը չստացավ պատշաճ քաղաքական գնահատական, իսկ դրա կազմակերպիչները խուսափեցին պատժից, ինչը հայերի հետագա կոտորածների պատճառներից մեկը հանդիսացավ: ԱԳ փոխնախարարը խոսեց նաև ընթացիկ` 22-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ներկայացման մասին` ընդգծելով բոլոր պատվիրակությունների հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը:

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը ներկայացնելու նպատակով փոխնախարար Հովակիմյանը հանդիպեց ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ԳՔ Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի, ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովի, ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Էսթեր Բրիմերի, Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Ռեմիգիուշ Հենցելի, տարածաշրջանային մի շարք խմբերի անդամների, ինչպես նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակում հավատարմագրված բազմաթիվ մշտական ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---