Իրաքը պատրաստ է Հայաստանի հետ փոխհամագործակցել թե՛ բուժական, թե՛ դեղերի ներկրման ոլորտում

Իրաքը պատրաստ է Հայաստանի հետ փոխհամագործակցել թե՛ բուժական, թե՛ դեղերի ներկրման ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով ներկայացուցչական պատվիրակությանը, նախարար Դումանյանը նշեց, որ երկու երկրների առողջապահության նախարարությունների համատեղ աշխատանքներն սկսվել են անցած տարվա աշնանից, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության Հայաստանի Հանրապետություն կատարած կարճատև այցի ընթացքում երկու երկրների առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Նա հավելեց, որ այնուհետև հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակության կազմում Իրաք կատարած այցի ընթացքում հնարավորություն է ունեցել փոխհամագործակցության եզրերն ավելի հստակեցնել։ Դերենիկ Դումանյանը հույս հայտնեց, որ իրաքցի գործընկերների այս այցի շրջանակներում ևս կկարողանան արդյունավետ աշխատել, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ներկայացնելով իր երկրի առողջապահության համակարգը, առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշը նշեց, որ Իրաքի նոր պետությունը շատ է կարևորում այս ոլորտի զարգացումը։ 250 հիվանդանոցը, 2000-ից ավելի առողջապահական կենտրոնը և դեղատարդրող 30 գործարանն ի զորու չեն ապահովելու երկրում առկա մեծ պահանջարկը։ Այդ իսկ պատճառով Իրաքի Հանրապետությունում ծրագրել են 200 մահճակալով 21 նոր հիվանդանոց կառուցել։ Փոխնախարարի հավաստմամբ Իրաքը տարեկան 10-15 հազար հիվանդ է ուղարկում արտասահմանում բուժվելու, իսկ երկրում արտադրվող դեղերը պահանջարկի միայն 10 տոկոսն են բավարարում։ Իրաքի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնում Հայաստանի հետ փոխհամագործակցել թե՛ բուժական, թե՛ դեղերի ներկրման ոլորտում։ Դրա համար լավ նախապայման են նաև հայ ժողովրդի հետ վաղեմի, պատմական հարաբերությունները։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վստահեցրեց, որ պատվիրակությունը Հայաստանի առողջապահական հիմնարկներ` «Նորք-Մարաշ», «Գրիգոր Լուսավորիչ», «Արաբկիր», «Գյումրի», «Արարատ» բժշկական կենտրոններ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» և «Հերացի» հիվանդանոցային համալիրներ և այլ բուժհաստատություններ կատարած այցելությունների ընթացքում բարձրակարգ բժշկական սպասարկման ականատես կլինեն։

«Այս բուժհաստատությունները, որ մեծ համարում ունեն տարածաշրջանում, բավական լուրջ ծրագրեր են իրականացնում։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականացվում են սրտի թե՛ բաց, թե՛ ինվազիվ վիրահատություններ, «Արաբկիրում» հաջողությամբ երիկամների փոխպատվաստումներ են կատարվում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում` արտամարմնային բեղմնավորում և այլն։ Դեղագործական «Լիկվոր», «Ֆարմատեկ» և «Արփիմեդ» կենտրոններում ներդրման փուլում է արտադրության բարձր որակ ապահովող GMP համակարգը, իսկ Գյումրիում նորակառույց, բարձր տեխնոլոգիաներով հագեցած ժամանակակից հիվանդանոց կտեսնեք։

Բաղդադ կատարած իմ այցի ընթացքում համոզվեցի, որ Իրաքի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է առողջապահության ոլորտում ևս Հայաստանի Հանրապետության հետ համագործակցելու և վստահ եմ, որ ձեր պատվիրակության այցի ընթացքում այս ուղղությամբ փոխգործակցության զարգացում կապահովվի»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշը նշեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են երկրի ամենախոշոր «Ալքազամիա» հիվանդանոցի տնօրենը, բժշկական առանձին ծառայությունների, լաբորատորիաների ղեկավարներ, ովքեր լիազորված են ուղղակի համագործակցության պայմանագրեր ստորագրել։

Պայմանավորվեցին իրաքյան պատվիրակության այցի ավարտին միասին ամփոփել արդյունքները և հստակեցնել, թե հատկապես որ ուղղություններով կարող են համագործակցության պայմանագրեր ստորագրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---