Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Քուվեյթում, Իրաքում, Արգենտինայում

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Քուվեյթում, Իրաքում, Արգենտինայում

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության և Հայ Դատի հանձնախմբի համատեղ կազմակերպմամբ Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցում մեկնարկեց սումգայիթյան եղեռնագործությունների 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկոն: Երեկոյին ներկա էին համայնքային բոլոր կառույցների և դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, օտարազգի հյուրեր:

Միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո ծավալուն ելույթով հանդես եկավ Քուվեյթի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Տիգրան Բայաթյանը` մանրամասն ներկայացնելով սումգայիթյան ջարդերի ժամանակագրությունը: Ելույթին զուգընթաց ցուցադրված համապատասխան տեսաֆիլմը պատմում էր ականատեսների վկայությունների մասին:

Իր ելույթում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, խոսելով Ադրբեջանի իշխանությունների լիակատար աջակցության, ամենաթողության ու անպատժելիության պայմաններում Սումգայիթում կատարված սպանդի մասին, զուգահեռներ անցկացրեց Բուդապեշտյան գործի հետ, նշելով, որ Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճի կենսագործման իր քաղաքականությունը նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

Երեկոյի ավարտին Քուվեյթի և Պարսից Ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը կոչ արեց միահամուռ, համահայկական ջանքերի գործադրմամբ միջազգայնացնել Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մարտի 8-ին Բաղդադի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին:

Պատարագից հետո իրաքահայ կազմակերպությունների, ինչպես նաև Իրաքում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքարին:

Այնուհետեև Ազգային վարժարանի «Գյուլբենկյան» սրահում կայացավ հիշատակի հանդիսություն, որի ժամանակ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի նահատակների հիշատակին: Մարտի 10-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան պաշտոն` նվիրված սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին: Արարողությանը ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, դեսպանության անձնակազմը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների, կառույցների, միությունների, ինչպես նաև Արգենտինայում չիլիական, արաբական և ուկրաինական համայնքների ներկայացուցիչները։

Ելույթով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վ.Մանուկյանը։ Դատապարտելով սումգայիթյան եղեռնը և այն որակելով որպես տասնամյակներ շարունակվող ադրբեջանա-թուրքական հակահայկական ցեղասպան քաղաքականության բաղկացուցիչ` նա կոչ արեց ներկաներին համատեղ ու միասնական պայքար մղել նման ողբերգական երևույթները հետագայում բացառելու համար:

Հոգեհանգստյան արարողությունից հետո Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հետ համատեղ ծաղկեպսակ զետեղեց Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---