Շահան Քանդահարյան. Լիբանանը՝ հրահրիչ եվ զսպիչ գործողությունների միջև

Շահան Քանդահարյան. Լիբանանը՝ հրահրիչ եվ զսպիչ գործողությունների միջև

PanARMENIAN.Net - Ներլիբանանյան լարվածությունը հանգրվանային մագլցողականությունից կտրուկ սրացումների անցում է կատարում. սուննի կրոնավորների դեմ կատարված ոտնձգություններ, ձերբակալություններ, քաղաքացիական անհանզանդությամբ բնութագրվող հակազդեցություններ. դրան զուգահեռ՝ Սիրիայից դեպի լիբանանյան տարածքներ կատարվող ռմբակոծումներ, որոնք արժանանում են գերտերությունների ներկայացուցիչների դատապարտումներին:

Այս մասին գրում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանն իր հոդվածում: Նա մասնավորապես գրում է. «Կրոնավորների դեմ կատարված այս արարքները թեև դատապարտվում են լիբանանյան դաշտը կազմող բոլոր ուժերի կողմից, այսուհանդերձ ժողովրդային ցասումը շարունակում է իր դրսևորումներն ունենալ: Իրավիճակի հանդարտեցման համար պետական հաստատությունները և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկում: Հստակ է, որ ներլիբանանյան կայունությունը թիրախ է: Նրան սպառնում են այն ուժերը, որոնք պատվիրում են նախ գրգռիչ ելույթներ, հրապարակում են հոխորտանքներ, ոչ քաղաքական ճանապարհներով հարցերին լուծում տալու հայտարարություններ: Նրանք, որոնք փողոցին և խռովարարությանը կանաչ լույս են տալիս հրահրելու կացությունը, փակելու ճամփաները, խոչընդոտելու բնականոն կյանքը: Նաև նրանք, որոնք դիմում են բռնության և քայլեր են ձեռնարկում կրոնավորների դեմ:

Մի կողմից հրահրումը, մյուս կողմից լարվածության իրավիճակի ստեղծմամբ խոշտանգումը և կրոնական խորհրդանիշերի դեմ կատարված գործողությունները բևեռացումը համաժողովրդականացնելու միտում ունեն: Իրավիճակը ապակայունացնելու համար կրոնական գործոնի օգտագործումը մարտավարական պարզ խաղ է կրոնականացված հասարակությունների, համայքնային համակարգով գործող շրջանների և երկրների մեջ: Ամբողջ շրջանը սուննի-շիա հակասություններ սրելով, քաոսային իրավիճակների առաջնորդելով հարցեր լուծելու բաժանարար ծրագրերի գործնականացումը թվում է հասունացել է լիբանանյան հողի վրա:

Վտանգավոր եզրի հատումն է, որ կատարվում է այս օրերին Լիբանանում: Հարավից մինչև հյուսիս, անցնելով Բեյրութով, ժողովրդի տարբեր հատվածները իրար դեմ գրգռելու, հակադրելու և դյուրաբեկ համակեցությունը անհամատեղելիության վերածելու հստակ դավադրություններ են կատարվում: Չի բացառվում, որ միևնույն կենտրոնը թելադրում է մեկ հատվածը մյուսի դեմ տրամադրելու և իրար դեմ բախման առաջնորդելու խաղը:

Խոր ճգնաժամի մեջ գտնվող Սիրիայից դեպի Լիբանան արձակված ռումբերը քաղաքական և ժողովրդային լարվածությունը այլ հարթություն տեղափոխելու նախադրյալներ են նախանշում: Համալիբանանյան բարձրագույն պատասխանատվություն է պետք մշակված ծրագրերի մեջ չներքաշելու համար երկիրն ու ժողովուրդը: Լարված շրջանների վրա իրավապահ մարմինների վերահսկողությունը պահելու նախանձախնդրությունը զսպիչ գործողությունների արվեստի տիրապետում է ենթադրում: Բայց խնդիրը միայն ապահովական կացություննները գետնի վրա հակակշռելուն չի վերաբերում անշուշտ: Համալիբանանյան քաղաքական գիտակցության վրա հիմնվելով դավադրություններին ընդառաջ չգնալու կամքի դրսևորման փաստերի անհրաժեշտությունը սուր հրամայական է: Բևեռացնելու և իրար հակադրելու քաղաքական այս ուղղվածությունը նոր օղակներ պիտի կազմի անշուշտ և նման երևույթների ականատես պիտի լինենք շատ հավանաբար: Շրջանային տարողությամբ կիրարկվող քաղաքականության լիբանանյան երեսն է, որ մենք տեսնում ենք այս օրերին: Խնդիրը ուրեմն, հսկայական զոհողությունների գնով, համակողմանիորեն կամքի և որոշման դրսևորումն է՝ մերժելու դավադիր ծրագրերի ներքաշումը: Այլապես, շրջանային ճգնաժամերը կարող են պատկերացումներ փոխանցել թե ինչ ճակատագիր ու քաոս կարող է վերստին սպառնալ այս երկրին:

Արհեստական լավատեսություն փոխանցելու համար չէ, որ պետք է հիշել ու տրամաբանել, որ արձանագրվող դեպքերը շարունակում են մնալ սահմանափակ վայրերի մեջ. համատարած բռնկման չեն վերածվում: Թվում է, որ իրար դեմ լարված հատվածների ուժի և որոշման կենտրոնները զսպիչ դերակատարությունը կշարունակեն կատարել համոզմամբ: Շատ հավանաբար լիբանանյան աղետները վերադարձնելու գործընթացը մերժելով. հակառակ արտալիբանանյան կենտրոնների մշակած ծրագրերին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---