19 հոկտեմբերի 2005 - 16:22 AMT
2006 թվականին Երեւանում տեղի կունենա ԱՄՀ 12 երկրների խմբի հանդիպումը
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախօրեին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Ջերոն Քրեմերսին եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Գոհունակություն հայտնելով ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցության, համատեղ մշակվող ծրագրերի իրականացման ներկա մակարդակից, կողմերը նշել են, որ փոխշահավետ գործակցությունը զարգացնելուն ուղղված դեռեւս լայն հնարավորություններ կան: Վարչապետը վստահություն է հայտնել, որ համագործակցության խթանմանը կարող է նպաստել նաեւ պարոն Ջերոն Քրեմերսի ներկա այցը Հայաստան: Իր հերթին Ջ.Քրեմերսն ընդգծել է, որ Հայաստանի հետ ներկայումս իրականացվող` Աղքատության հաղթահարման ռազմավարությանն աջակցելուն ուղղված ծրագիրը բավականին սահուն է ընթանում: Տպավորիչ համարելով վերջին մի քանի տարիներին Հայաստանում արձանագրվող տնտեսական աճը, նա գոհունակություն է հայտնել, որ դրա արդյունքները սկսել են նկատելի լինել նաեւ հանրապետության մարզերում, չնայած այս ուղղությամբ դեռեւս զգալի անելիքներ կան: Ջերոն Քրեմերսը հույս է հայտնել, որ համագործակցությունը նույն հաջողությամբ կշարունակվի նաեւ առաջիկայում: Նրա խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համառոտակի ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները, տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերն ու ծրագրերը, մասնավորապես, փոքր ու միջին գործարարության խթանման, ներքին ներդրողների համար բարենպաստ պայմանների ապահովման, «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շրջանակներում հատկապես մարզերի ու ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնությունները:

Ջերոն Քրեմերսը շնորհակալություն է հայտնել Ա.Մարգարյանին ԱՄՀ-ի 12 երկրների խմբի հանդիպումը հաջորդ տարվա հունիսին Երեւանում անցկացնելու` հայկական կողմի պատրաստակամության համար: Նա վստահությույն է հայտնել նաեւ, որ այս տարվա նոյեմբերին Հայաստանի հետ ԱՄՀ-ի համագործակցության ծրագրի հերթական ուսումնասիրությունը եւ դրա շուրջ քննարկումները նույնքան հաջողությամբ կընթանան: Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ եւս իրենց պատրաստակամությունն են հայտնել ԱՄՀ-Հայաստան համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու վերաբերյալ: