Երեւանում բացվել է Սամարայի Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Երեւանում բացվել է Սամարայի մարզի Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցչությունը: Սամարայի մարզի ԱԱՊ-ի նախագահ Բորիս Արդալինի խոսքերով, հայկական կողմի հետ երկօրյա բանակցությունների արդյունքում ստորագրվել է շուրջ 100 պայմանագիր: Իր հերթին, Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Մարտին Սարգսյանը նշել է, որ երկօրյա համաժողովի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Սամարայի արդյունաբերողների ապրանքները` հանքային ջրեր, դպրոցական պիտույքներ, հրուշակեղեն, սննդային հավելումներ Հայաստան առաքելու մասին, իսկ Հայաստանից Սամարայի մարզ առաքել` «Սիս» եւ «Նոյան» հյութեր, չիր, կաթնամթերք: Նախատեսվում է նաեւ ստեղծել կահույքի արտադրման համատեղ ձեռնարկություն: Սակայն, դեռեւս հայտնի չէ, թե որ քաղաքում այն կգործի: Մինչդեռ, Սամարայի մարզում Հայաստանի ԱԱՊ ներկայացուցիչ Պավել Մնացականյանը նշել է, որ չնայած այն կանխակալ կարծիքին, թե ռուսական որակյալ ապրանքը ցանկալի չէ հայկական շուկայում, ապրանքաշրջանառությունը Սամարայի մարզի եւ Հայաստանի միջեւ աճում է: Նշենք, որ Հայաստանում Սամարայի ԱԱՊ ներկայացուցիչ է նշանակվել Զորի Սահակյանը: Այս օրերին Երեւանում անց են կացվում Սամարայի մարզի տնտեսության եւ մշակույթի օրեր: 2004 թվականին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Սամարայի մարզի միջեւ կազմել է 13,1 մլն դոլար, որը 2003 թվականի համեմատությամբ ցածր է 65 տոկոսով: 2004 թվականին Սամարայից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 12,4 մլն դոլար, իսկ Հայաստանից արտահանվել է 700 հազար դոլարի ապրանք, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---