Հարավային Կովկասը կարող է ընդգրկվել հեռուստա- եւ ռադիոհեռարձակման եվրոպական գոտում

PanARMENIAN.Net - 2007 թվականին Հայաստանը կընդգրկվի հեռա- եւ ռադիոհեռարձակման եվրոպական գոտում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ավելացնելով, որ այս հարցը վերջնական լուծում կստանա Ժնեւում կայանալիք միջազգային գագաթնաժողովում: Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրել է, որ Ժնեւի գագաթնաժողովում կքննարկվի նաեւ եվրոպական գոտում Վրաստանի եւ Ադրբեջանի ընդգրկման հարցը: «Մինչեւ հիմա մենք անորոշ գոտում ենք գտնվում»,-նշել է նախարարը: Նշենք, որ այսօր Երեւանում տեղի է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) աշխատակազմերի ղեկավաների խորհրդի 34-րդ նիստը եւ ԿՏՀ-ին կից ԱՊՀ երկրների տեղեկատվայնացման համակարգող խորհրդի 8-րդ նիստը: Նիստին մասնակցում են 12 երկրների պատվիրակությունները, ինչպես նաեւ հայտնի միջազգային կազմակերպությունների շուրջ տասը ներկայացուցիչներ: Ադրբեջանի նախարարը հրավեր ստացել է, սակայն Երեւան չի ժամանել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
---