Երևանի հեծանվահրապարակը համալրվել է նոր հեծանիվներով. Քաղաքապետն անձամբ է փորձարկել դրանք

Երևանի հեծանվահրապարակը համալրվել է նոր հեծանիվներով. Քաղաքապետն անձամբ է փորձարկել դրանք

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի հեծանվահրապարակ կատարած նախորդ աշխատանքային շրջայցի ժամանակ, ծանոթանալով մարզաձևի զարգացման ու խթանման համար մասնագետների կողմից առաջադրվող առաջնահերթություններին, խոստացել էր մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրում ներառել նաև հեծանվահրապարակը պրոֆեսիոնալ նոր հեծանիվներով համալրելու հարցը: Հեծանվահրապարակ կատարած հերթական շրջայցի ժամանակ արդեն ձեռքբերված 60 նոր հեծանիվները քաղաքապետն անձամբ է հանձնել պատանի մարզիկներին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել մարզակառույցին. «Համոզված եղեք, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանն աջակցելու է հեծանվահարապարակին նոր հեծանիվներ ձեռք բերելու հարցում: Մեր նպատակն է զարգացնել ինչպես հեծանվասպորտը, այնպես էլ այն ծառայեցնել, որպես տրանսպորտի միջոց: Մենք նաև փորձելու ենք մայրաքաղաքում ստեղծել հեծանվականգառներ ու հեծանվուղիներ, որպեսզի մայրաքաղաքում հարմարավետ պայմաններ ապահովվեն նաև մեր այն քաղաքացիների համար, ովքեր նախընտրում են քաղաքում շրջել հեծանիվներով: Այս մշակույթը ևս մենք պետք է զարգացնենք Երևանում»,- ընդգծել է քաղաքապետը:

90-ական թվականներից սկսած հեծանվահրապարակը չէր համալրվել նոր գույքով, ինչը խնդիրներ էր առաջացնում ինչպես մեծ թվով մարզվողներ ընդունելու, այնպես էլ լիարժեք մրցումներ կազմակերպելու համար:

Երեխաների խնդրանքով քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է փորձարկել նոր հեծանիվների հնարավորությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---