8 նոյեմբերի 2005 - 18:08 AMT
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին կտրամադրվի շուրջ 230 մլն դոլար
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանը ավելի մեծ գումար կստանա, քան ենթադրում էր ՀՀ կառավարությունը` շուրջ 230 մլն դոլար: Այդ մասին այսօր Հասարակական կազմակերպությունների դերը «Հազարամյակի մարտահրավերներ» հայաստանյան ծրագրի իրականացման գործում» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ փոխնախարարի` գումարի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի մասնագետների կարծիքով, առաջիկա տարիների համար ծրագրում որոշակի գնային գործոններ մինչեւ վերջ հաշվի չէին առնվել: Տ.Խաչատրյանը նշեց, որ եթե 2006թ.-ի սկզբում ծրագրի իրականացման համաձայնագիրը ստորագրվի, ապա այդ տարվա ընթացքում կսկսվեն իրականացվել փոքր ծավալներով ներդրումներ: Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ծրագրով առաջարկվում էր հատկացնել 175 մլն ԱՄՆ դոլար: Տ.Խաչատրյանը նշեց, որ ծրագրով նախատեսված էր 118 մլն դոլար ուղղել ոռոգման համակարգերի, իսկ 57 մլն դոլար` համայնքային ճանապարհների վերականգնմանը, հաղորդում է «Երկիր» թերթը: