ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՈՐՈՇԵԼ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԸ

PanARMENIAN.Net - Մինչեւ ընթացիկ տարվա վերջ նախատեսվում է վերջնականապես որոշել Հայկական ԱԷԿ-ը Ռուսաստանի ատոմային էներգիայի նախարարության հավատարմագրային կառավարմանը հանձնելու հարցը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, հանձնման սխեման կքննարկվի փետրվարի 4-ին Երեւանում` տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Այդ թեման, ինչպես հայտնել է նախարարը, քննարկվել է նաեւ Մոսկվայում` Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ կողմերը դեռեւս որոշակի ոչնչի մասին չեն պայմանավորվել` հերքելով ՀԱԷԿ-ը «ԵԷՍ Ռոսիի»-ի կառավարմանը հանձնելու մտադրության մասին տեղեկատվությունը: Հայ-ռուսաստանյան համագործակցության հանձնաժողովի նիստում, մասնավորապես, նախատեսվում է քննարկել կայանը հավատարմագրային կառավարման հանձնելու ժամկետները, պարտքերի եւ համապատասխանաբար շահույթի բաժինը, ինչպես նաեւ սակագները, որոնցով կիրականացվի էլեկտրաէներգիայի իրացումը: Նախարարը հիշեցրել է, որ հայկական ԱԷԿ-ը կառուցվել է ռուսական նախագծով ու տեխնոլոգիաներով եւ լցավորվում ռուսական վառելիքով: Նրա խոսքերով` «կգործի» համագործակցության այն սխեման, որն առավել օպտիմալ կլինի ֆինանսական տեսակետից: Չի բացառվում, որ ԱԷԿ-ը մնա հայկական կողմի կառավարման ներքո, բայց այդժամ հարկ կլինի միջոցներ գտնել միջուկային վառելիքի նոր խմբաքանակ ձեռք բերելու համար: Նախարարն ավելացրել է, որ ավելի վաղ ռուսական կողմից մատակարարված վառելիքի դիմաց պարտքը, կազմում է 40 մլն դոլար:
 Ուշագրավ
---