Ապրիլի 27-28-ին Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում շարունակվել են

Ապրիլի 27-28-ին Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում շարունակվել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին և 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո և Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Ապրիլի 27-ին Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջև զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերը: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելն իր ելույթում նշեց, որ անհամբեր սպասում է Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներառմանը ԱԺ օրակարգում և վերահաստատեց իր հանձնառությունն ուղղված Ֆրանսիայի ծագումով հայ քաղաքացիների հիշողության պաշտպանությանը: Այնուհետև շնորհակալական եզրափակիչ խոսքով հանդես եկավ դեսպան Չիտեչյանը:

Ապրիլի 28-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ, որի ավարտին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր Ֆրանսիայում ՀՀ դեսպանի, քաղաքապետ Անդրե Սանտինիի, շրջանը ներկայացնող սենատորների և պատգամավորների գլխավորությամբ և ֆրանսահայ նախկին ռազմիկների միության դրոշակակիրների ուղեկցությամբ քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Արարողության ընթացքում հայ եկեղեցիների հոգևոր այրերը աղոթք հնչեցրեցին, իսկ այնուհետ ելույթներ ունեցան ՀՀ դեսպանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետը և ֆրանսահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Երիտասարդներն իրենց խոսքում վստահեցրին, որ նոր սերունդը ավելի քան վճռական է տրամադրված Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: Անդրե Սանտինին, ընդգծելով Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման կարևորությունը, նշեց, որ անընդունելի է, որ Ֆրանսիայում լինի քաղաքացիների մի խումբ, ում հիշողությունը վիրավորելը կարող է անպատիժ մնալ:

Նույն օրը հիշատակի միջոցառում անցկացվեց Կլամար քաղաքի հայկական խաչքարի մոտ: Ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդեցին ՀՀ դեսպանի և Կլամարի քաղաքապետ, սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ելույթները: Ֆրանսիայի Սենատի անդամը, որը նաև Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, համոզմունք հայտնեց, որ, Ֆրանսիայի Նախագահի խոստման համաձայն, Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենսդրական պայքարը հաջողությամբ պետք է պսակվի մոտ ապագայում:

Ապրիլի 27-28-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաև Պլեսի-Ռոբինսոն, Առնուվիլ, Անտոնի, Շավիլ, Սեվրան, Շաս-սյուր-Ռոն, Մեյզիո, Վիեն, Արլ, Ավինյոն, Իլ սյուր լա Սորգ, Լե Պեն Միրաբո, Վիտրոլ, Լիոն, Կաբրի-Կալա, Մոնպելիե և Դեսին քաղաքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---