Լիբանանում ՀՀ դեսպան. Հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացել

Լիբանանում ՀՀ դեսպան. Հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացել

PanARMENIAN.Net - Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա են եղել Լիբանանի մշակույթի և արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը և Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը և Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսագսյանը, Շանթ Չինչինյանը, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգևոր հայրեր:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա իր խոսքում նշել է, որ 98 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Դեսպան Քոչարյանն ընդգծել է, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: Նա շնորհակալություն է հայտնել աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես՝ Լիբանանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանոթյունը: Դեսպան Քոչարյանը բարձր է գնահատել Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի արդյունավետ գործունեությունը և սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Դեսպանը շեշտել է, որ հայերը, որպես հավաքական ազգ և իբրև պետություն, շարունակելու են իրենց պայքարն աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանության բոլոր դրսևորումները բացառելու ուղղությամբ:

Հուշ-համերգին Արմինե Աբաջյան Բասմաջյանի, Թամար Հովհաննիսյանի, Ժաննա Սահակյանի, Տաթևիկ Արտինյանի, «Համազգայինի» երգչախմբերի ղեկավար և դուդուկահար Զաքար Քեշիշյանի, ջութակահարներ Արմեն և Աշոտ Ջենդերեջյանների, երգիչ Գևորգ Բեբեջյանի կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Հենդելի, Բախի, Վիվալդիի, Վաժա Ազարաշվիլիի և Կոմիտասի ստեղծագործությունները:

Երեկոյի ավարտին հյուրերն իրենց գրառումներն են թողել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---