Շահան Քանդահարյան. Օդային «ապաշրջափակում» Արցախի մշակութային մայրաքաղաքի համար

Շահան Քանդահարյան. Օդային «ապաշրջափակում» Արցախի մշակութային մայրաքաղաքի համար

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման հերթական նշումը անշուշտ առիթ է մեկ անգամ ևս լույսի բերելու ազատագրման խորհուրդը, տարածքի ներկայացրած պատմամշակութային ժառանգի արժեքը, ռազմավարական կարևորությունը, ամբողջ հայության վրա ունեցած հոգեբարոյական ազդեցությունը։ Այս մասին ասվում է «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի հոդվածում: Հոդվածում մասնավորապես ասվում է.

Այս բոլորը անառարկելի իրականություններ են, որոնց համապատասխան սակայն գործնական աշխատանքի անհրաժեշտությունը որպես անհետաձգելի հրամայական, ինքն իրեն զգալի է դարձնում։ Սա, իհարկե, հերթական տարեթվի հետ կապ չունի և պարզապես խորհրդի նշման սահմաններում չի պարփակվում։ Ամենօրյա ծրագրման, ուժերի համախմբման, աշխատանքի ընթացավորման մասին է խոսքը շեշտակիորեն։ Այլապես, Շուշին սահմանափակ թվով բնակչությամբ, Ստեփանակերտից հետո Արցախի Հանրապետության իրողապես երկրորդ քաղաքը համարվելու իր հանգամանքով տակավին ճանապարհ ունի անցնելիք շնչող, զարգացող քաղաքի վերածվելու համար։

Արցախը, երևանակենտրոն Հայաստանի Հանրապետության նման թվում է, որ ստեփանակենտրոնացված է։ Ինչպես որ Երևանն ու այլ քաղաքներն ու մարզերը համաչափ և համընթաց չեն զարգանում, երևութապես թվում է, որ նույն կշռույթները կրկնօրինակված են Արցախում։ Զարգացման համաչափությունն ու համընթացությունը կարևոր են ընդհանրապես երկրի զարգացման ուղղությունները հունավորելու աշխատանքում։

Անշուշտ, միջոցների և հնարավորությունների սահմանափակ լինելը դժվարացնում է աշխատանքների ծրագրավորումն ու մանավանդ գործնականացումը։ Եվ Շուշին այս առումով, փուլային իրականացումների առաջնային հանգրվաններից լինելով այն պետք է դիտարկել բնակեցման, զարգացման, շնչող քաղաքի վերածման ընդհանուր տարածքի սահմաններում։ Այսինքն՝ ամբողջ Արցախի Հանրապետության։

Եվ, որովհետև Արցախի Հանրապետությունը շատ հասկանալիորեն առաջին հերթին շնչում է ու ապրում Հայաստանի Հանրապետության զարկերակների կշռույթով, հայացքները բնականաբար նախ ուղղվում են դեպի Երևան։

Թե՛ ներքին և թե՛ արտաքին եռուզեռը պայման են տարածքներն ու շրջանները ամայացումից դուրս բերելու համար. գեթ առաջին հերթին։ Պատկերը այս առումով չի մոտենում մխիթարական վիճակի։ Պատերազմի թե քաղաքական պատճառներով կամ պատրվակներով շրջափակված մեր երկու հանրապետությունները ցամաքային փակման դիմաց օդային եռուզեռը աշխուժացնելու հարկադրանքի առաջ են։ Արմավիան օդային շրջափակման մեկ տարբերակը պարտադրել է բոլորիս, մինչ Ստեփանակերտի օդակայանը ցարդ չի գործարկվել։

Նման օդային շրջափակումը չի նպաստում որ, թեկուզ որոշ հաջողության հանգած ճանապարհաշինությամբ, ակնկալված այդ եռուզեռը ստեղծվի։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը առկախված է քաղաքական պատճառներով։ Պաշտոնական Երևան իբրև բանակցող կողմ կարևորագույն խնդրի տեսք և տարողություն պետք է տա այս առաջադրանքին, որին կապված է նաև Արմավիայի արդարացում չունեցող ներկա պատկերը։ Արտաքին աշխարհից դեպի Արցախ ուղևորային եռուզեռ ապահովելու առաջին հանգրվանը հայկական օդանավային ընկերության կայացումն է, տրամաբանված գների ճշտումը, թռիչքների կանոնավորումը։

Ծրագրեր էին մշակվել Շուշին մշակութային մայրաքաղաքի վերածելու համար։ Մշակութային փառատոների կազմակերպումը, Հայրենիքից թե Սփյուռքից մշակութային խմբերի ժամանումը Շուշի, իր հերթին կառաջնորդի համապատասխան ծառայությունների՝ պանդոկների, ճաշարանների, զբոսավայրերի, մշակութային կենտրոնների ստեղծման և այդ ճանապարհով աշխատատեղերի ապահովման և մնայուն բնակության հաստատման։ Իսկ այդ բոլորի ստեղծման համար առաջադրված եռուզեռի կայացման նպաստող գործոններ են օդային «ապաշրջափակումը»։ Որպեսզի 21 տարի առաջ ազատագրված Շուշին վերածվի համայն հայության մշակութային քաղաքի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---