Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում ՍԴՀԿ հայ-ամերիկյան խորհուրդը կսատարի Էրիկ Կարսեթիին

Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում ՍԴՀԿ հայ-ամերիկյան խորհուրդը կսատարի Էրիկ Կարսեթիին

PanARMENIAN.Net - Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհուրդը Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում կսատարի քաղաքապետի թեկնածու Էրիկ Կարսեթիին: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ, Է.Կարսեթին ներկայացնում է 13-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է մեծաթիվ հայերով բնակեցված Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասը: «Գործնականորեն ծառայելով շրջանի բնակչությանն աշխատատեղերի ավելացման, ոճիրների կանխարգելման և այլ բարեկարգումների հարցերում, Կարսեթին միակ թեկնածուն է, ով իր մեծ ներդրումն ունի տնտեսական ճգնաժամի ընթացքում տուժած տարածքները զարգացնելու գործում»,- նշված է ՀԱԽ-ի հրապարակած զորակցական հայտարարության մեջ:

Կարսեթին իր գործնական մասնակցությունն է բերել նաև ամերիկահայության կողմից իրականացված համայնքային բազմաթիվ միջոցառումների և ծրագրերի, ինչպես նաև աջակցել է «Փոքր Հայաստան»-ի առևտրական պալատի ստեղծմանը: «Նա նաև կարևոր դեր է ունեցել «Փոքր Հայաստան» թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլարշավի կազմակերպման գործում»,- նշվում է հայտարարության մեջ: ՀԱԽ-ը վստահ է, որ որպես քաղաքապետ Կարսեթին կկարողանա օգտագործել իր փորձառությունը հօգուտ Լոս-Անջելեսի և քաղաքում բնակվող հայության հարցերի լուծման:

Էրիկ Կարսեթին հայտարարել է, որ շատ ուրախ է Հայ-ամերիկյան խորհրդի աջակցությունը ստանալու համար: «Լոս-Անջելես քաղաքի ներսում խորը արմատներ ունեցող հայկական կազմակերպության աջակցությունը իսկապես պատիվ է, և ես պատրաստ եմ ծառայել ամերիկահայությանը որպես Լոս Անջելեսի հաջորդ քաղաքապետ»,-ասել է թեկնածուն:

Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 21-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---