«Էքոնոմիստ». 2008 թվականին ՀՀ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է

PanARMENIAN.Net - Բրիտանական «Էքոնոմիստ» հանդեսի հետազոտական խումբը ուսումնասիրել է իրավիճակի զարգացումները Հայաստանում 2006-2007 թվականներին: Ըստ փորձագետների, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ լարվածությունը ձեւավորելու է Հայաստանի քաղաքական դաշտը հաջորդ երկու տարիների ընթացքում: Ընդդիմությունը, հավանաբար, կշարունակի բոյկոտել ՀՀ Ազգային Ժողովը, սակայն երբեմն կմասնակցի քննարկումներին առանձին հարցերի շուրջ: «Այս հանգամանքը քիչ կազդի քաղաքականության վրա, քանի որ կառավարամետ պատգամավորները ճնշող մեծամասնություն են կազմում խորհրդարանում, բացի այդ` որոշումները կայացվում են նախագահական ապարատում», - գրում է «Էքոնոմիստ»-ը: Այս անհավասարակշիռ վիճակը, ըստ հանդեսի փորձագետների, շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր թուլությունը 2006-2007 թվականներին: «Ընդդիմադիրների դաշինքը մինչեւ այժմ միասնական է մնացել` շնորհիվ նախագահ Քոչարյանին պաշտոնանկ անելու արշավի: Սակայն գնալով ակնհայտ է դառնում, որ նախագահին պաշտոնից հեռացնելու` ընդդիմության շանսերը չնչին են»: Հայաստանի հարցերով հանդեսի պատասխանատու Աննա Ուոքերը կարծիք հայտնեց, թե «ընդդիմությունը բավարար աջակցություն չի ունենալու իշխանություններին տապալելու համար»: «2004 թվականի սկզբներին տեղի ունեցած բողոքի ցույցերի ձախողումից հետո թուլացել է նախագահին պաշտոնանկ անելու ժողովրդական աջակցությունը: Ընդդիմադիր տարբեր կուսակցությունների միջեւ վեճերը գնալով էլ ավելի կսրվեն, կավելանան փոխադարձ մեղադրանքները, ինչը կթուլացնի ընդդիմադիրների դիրքերը 2007 թվականի խորհրդարանական ընտրություներից առաջ», - կանխատեսում է «Էքոնոմիստ»-ը:



Այն հարցին, թե ո՞վ է հաջորդ նախագահական ընտրությունների ամենաուժեղ թեկնածուն` Աննա Ուոքերը կարծիք է հայտնել, որ «նախագահության առաջատար թեկնածուն Սերժ Սարգսյանն է», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---