Հայաստանի ԱԺԿ-ն չի մասնակցի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե ԱԺԿ-ն չի մասնակցի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի եւ խորհրդարանական խմբակցության աշխատանքներին այնքան ժամանակ, մինչեւ որ դաշինքը խոստովանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հարցում իր թույլ տված սխալները, եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծի հետագա արդյունավետ աշխատանքի համար: Հակառակ դեպքում, ըստ ԱԺԿ հայտարարության, նա պատրաստ է լքել խմբակցությունը: Շ.Քոչարյանի կարծիքով, ընդդիմադիր առաջնորդները, որոնք խոստացել էին հեղափոխություն անել հանրաքվեի օրը` նոյեմբերի 27-ին, այսօրվա դրությամբ ի վիճակի չեն ոչ մի այլ բանի, բացի իրենց անձնական վիրավորվածությունը իշխանության ներկայացուցիչների հասցեին հայտնելուց: ԱԺԿ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց համար ընդունելի են ժողովրդավարական արժեքները:



Շ.Քոչարյանը նաեւ տեղեկացրել է լրագրողներին, որ կմասնակցի ԵԽԽՎ Բյուրոի 2006 թվականի հունվարի 9-ին կայանալիք նիստին, որի ընթացքում կներկայացվի զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «ԵԽԽՎ-ում իմ լիազորություններն ավարտվում են հունվարի 27-ին,-նշել է նա, պատրաստակամություն հայտնելով խորհուրդներ տալ դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին, որը դաշինքի որոշման համաձայն վերջերս փոխարինեց Շ.Քոչարյանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում: Տարաձայնությունները Շ.Քոչարյանի եւ «Արդարություն» դաշինքի միջեւ առաջացան սահմանադրական հանրաքվեի հարցի շուրջ` ԱԺԿ-ն դեմ հանդես եկավ հանրավքեի բոյկոտին, հաղորդում է Դիտարկման միջազգային բյուրոն:
 Ուշագրավ
---