Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման գործում

Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման գործում

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման և հարևանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարարը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:

Ելույթ ունենալով նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը, նշեց. «Արևելյան գործընկերությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդման արդյունավետ մեխանիզմ է դարձել, այն փոխել է ԵՄ հետ մեր համագործակցության որակն ու բնույթը։ Մեր փոխգործակցության օրակարգը համապարփակ է. այն ներառում է քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, տնտեսությանը, արդարադատությանը, շարժունակությանը, միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր»: Իր խոսքում նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ ավարտական փուլում գտնվող բանակցությունների արդյունքները:

Եզրափակելով խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արևելյան գործընկերութան Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---